Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մաքսիմ Մանուկյանը պատրաստ չէր մրցումներին. Լեւոն Ջուլֆալակյան (տեսանյութ)

Սպորտ
sport-hunahromeakan

«Մենք չէինք պլանավորել Մաքսիմ Մանուկյանի մասնակցությունը Ֆրանսիայի մրցաշարին, քանի որ նա բուժումներ է անցնում: Բայց հավաքի ընթացքում նա ասաց, որ ցանկանում է փորձել, միգուցե լավ ստացվի: Ես մի քիչ տատանվում էի, սակայն հաշվի առա մարզիկի կարծիքը եւ հնարավորություն տվեցի նրան: Մրցումները ցույց տվեցին, որ նա առայժմ պատրաստ չէ նման մրցումների»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը: Նշենք, որ մեր դասական ըմբիշները վերջերս Նիսում կայացած մրցաշարում նվաճել էին վեց մեդալ, այդ թվում՝ չորս ոսկե, եւ միայն Մաքսիմ Մանուկյանին չէր հաջողվել մրցանակային տեղ զբաղեցնել՝ կրելով երկու պարտություն: Խոսելով հավաքականի առաջատար ըմբիշ Արթուր Ալեքսանյանի մասին, որը վնասվածքից հետո ներկայումս վերականգնողական կուրս է անցնում ԱՄՆ-ում, Լեւոն Ջուլֆալակյանն ասաց, որ նա այս շաբաթվա վերջին վերադառնալու է Հայաստան եւ բժիշկների հսկողության տակ սկսի մարզումները: «Մենք դեռ չգիտենք, թե նա ինչ մարզավիճակում է եւ արդյոք կկարողանա մասնակցել Եվրոպայի առաջնությանը, սակայն, եթե Արթուրին առողջական խնդիրները չխանգարեն, ապա նա լուրջ նպատակներով կպատրաստվի աշխարհի առաջնությանը, ինչպես նաեւ 2020թ. օլիմպիական խաղերին», - պարզաբանեց հավաքականի մարզիչը: Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը փետրվարի 18-ից սկսած ուսումնամարզական հավաք կանցկացնի Օլիմպավանում, որից հետո մի մասը կմասնակցեն Բուլղարիայում անցկացվող միջազգային մրցաշարին, իսկ մինչեւ 23 տարեկան ըմբիշները մարտի սկզբին հանդես կգան Եվրոպայի այդ տարիքային առաջնությունում: Այնուհետեւ, ազգային հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի Բելառուսում, ապա կվերադառնա Երեւան, որից հետո կմեկնի Բուխարեստ, Եվրոպայի առաջնության: