Ապօրինի ճանապարհով թուրքական, ադրբեջանական լոլիկ է ներկրվում. ֆերմերներ (տեսանյութ)
Արարատի մարզի մի խումբ ֆերմերների կառավարության շենքի մոտ էր բերել Հայաստան բանջարեղենի ներկրումն արգելելու պահանջը։ Ֆերմեր Արմեն Սիմոնյանը նշեց, որ ներկրման պատճառով տեղական արտադրածը չի սպառվում և իրենք մնում են ձեռնունայն։ «Եթե այսօրվա գյուղացուն տեր չկանգնեն, ուրեմն գյուղացին պիտի թողնի հողերը՝ էրոզիայի։ Արդեն երկրորդ սեզոնն է, վնասով ենք աշխատում։ Այն, ինչ ձեռք ենք բերել տարիների ընթացքում, ընկնում է գրավի տակ»։ Արմեն Սիմոնյանն ունի 5000 մետր քառակուսի մակերեսով ջերմոց։ Միայն մեկ ամսվա համար գազի գինը կազմում է 10-15 մլն դրամ, 1 մլն էլ աշխատողների, հոսանքի ու ջրի փող։ Ֆերմերը մշակում է լոլիկ, վարունգ, պղպեղ։ Ըստ նրա՝ լոլիկի ինքնարժեքը գարնանը՝ 400, իսկ աշնանը՝ 500 դրամ է։ «Այսօր ֆերմերները մեծ շահույթ չեն ակնկալում, ընդամենը 100-200 դրամի դեպքում գոհ ենք։ 200 դրամը շահույթը մեզ բավարար է, որպեսզի մեր տնտեսություններն ու ընտանիքը պահենք։ Իսկ այսօր մենք հայտնվել ենք փակուղու առաջ, ոչ թե 200 դրամ շահույթ ունենք, այլ 200-300 դրամ հետընթաց։ Ֆերմերները համոզված են, որ եթե ներկրումը դադարեցվի, ապա իրենք կարող են ամբողջությամբ հայկական շուկային մատակարարել։ Ըստ Արմեն Սիմոնյանի, Հայաստանը ինքնաբավ երկիր է։ Մեկ այլ ֆերմեր Սևակ Խալոյանն էլ վստահեցրեց՝ եթե օրինական ճանապարհով թուրքական, ադրբեջանական, պարսկական լոլիկը բերեն Հայաստան, ապա այն տեղականի հետ մրցակից լինել չի կարող։ «Մարդիկ կան, որոնց անձամբ ճանաչում եմ, Նոր տարուց առաջ գալիս են, 200 000 դրամ մաքսատանը վճարում են, ինչ ուզում, ինչքան ուզում բերում էին»։ Ըստ Խլոյանի՝ այսօր շուկայում տեղական վարունգը արժե 400, իսկ լոլիկը 600-650 դրամ։ «Իսկ ներմուծողները գալիս են, մենք ինչ գին ասում ենք, իրանք էլ են ասում, ու հետո սկսում են իրենք իջեցնել։ Մեզ համար ձմռանը ինքնարժեքը կազմում է 500-600 դրամ, իսկ իրենց համար 300 դրամ, ինչքան ուզեն՝ ծախում են»։ Թեև ֆերմերները հանդիպում պահանջեցին Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն նրանց ընդունեցին կառավարության ընդունելությունների բաժնից։ Ֆերմերները նամակում իրենց առաջարկություններն են արել և ակնկալում են, որ իրենց հորդորը տեղ կհասնի։