ՀԿՈՒԿ-ի ֆինանսավորումը դադարեցվել է
2003թ.-ից Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կազմում գործում է «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը», սակայն 2019թ.-ի պետբյուջեով այս կենտրոնի համար ֆինանսավորում նախատեսված չէ։ «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի» տնօրեն Թամարա Գևորգյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ կենտրոնը մեդիաոլորտին վերաբերող հետազոտություններ է կատարում. հատկապես հանրային հեռուստառադիոընկերության քաղաքականությանը վերաբերող։ «Կատարված հետազոտությունները հանձնվում են խորհրդին, և խորհուրդն է տնօրինում ու կառավարում դրանք։ Խորհուրդը հետազոտությունները ստանալուց հետո պետք է պատշաճ ձևով ուսումնասիր դրանք և աշխատանք կատարի անձնակազմի հետ»։ Կենտրոնի տնօրենն ասում է, որ խորհուրդը ունեցել է ամբողջ հնարավորությունը այդ աշխատանքն իրականացնելու համար, սակայն չի կարողացել հավուր պատշաճի կատարել։ «Խորհրդի անդամ Ստեփան Զաքարյանը օգտագործվողի դերում է հանդես գալիս և իրենց աշխատանքն արդյունավետ կազմակերպելու անկարողության հետևանքով կարծիքներ է հնչեցնում, որ մեր կառույցն է անարդյունավետ աշխատել»։ Գևորգյանն ասում է, որ ինքը նույնպես կողմ է բյուջեի կրճատմանը, բայց ոչ թե իրենց ծրագրի հաշվին, այլ հեռուստառադիոյի խորհուրդը պետք է վերանայի՝ իրենք ինչով են զբաղվել, թե արդյոք ամբողջ ծավալով կատարել են այն աշխատանքը, որը պարտավոր են կատարել։ Կենտրոնի տնօրենը պատմում է, որ ինքը ոչ մի պաշտոնական գրություն չի ստացել, ընդամենը՝ բանավոր խոսքի միջոցով, իրեն տեղեկացրել են, որ հնարավոր է 2019թ.-ի բյուջեում իրենց ծրագիրը չլինի։ «Չկա որևէ գրավոր որոշում, թե ինչ պետք է լինի այս կառույցի հետ և ինչու։ Իրենք համարում են, որ տարեկան 44 մլն 326.000 դրամը լուրջ թիվ չէ հետազոտական կենտրոնի համար, քանի որ կեղծիքի են սովոր, չեն հասկանում, որ լուրջ հետազոտությունների համար սա գումար չէ։ Ամեն դեպքում մենք կարողացել ենք այն տնօրինել և կատարել բովանդակային հետազոտություններ կատարելուց զատ նաև ստեղծել ռադիոյում սեփական հաղորդումը»։ Գևորգյանի խոսքով, իրենք դիմել են վարչապետի խաշտոնակատարին, վարչապետի աշխատակազմի ղեկավարին, ֆինանասների նախարարին, Հանրային խորհրդի նախագահին, սակայն խնդիրը անուշադրության է մատնվել։ «Միայն Ջանջուղազյանն է պատասխանել, այդտեղից էլ պարզ է դարձել, որ քննարկում է եղել վարչապետի մոտ և խորհրդից որևէ մեկը ճիշտ տեղեկատվություն չի ներկայացրել ու չի պնդել, որ «Հասարակական կարծիքի ուսումնասիրմանկենտրոնի» անհրաժեշտությունը կա»։ «Հասարկական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի» տնօրենը բաց քննարկման է հրավիրում իրավասու մարմիններին և առաջարկում բանավիճել Հնարային հեռուստաընկերության եթերում։