ՀՔԾ-ն վերադարձրել է Սամվել Մայրապետյանի անձնագիրը, բայց մերժել արտերկրում բուժօգնություն ստանալու միջնորդությունը
Հատուկ քննչական ծառայությունը վերադարձրել է գործարար Սամվել Մայրապետյանի անձնագիրը: Այս մասին « Ա1+»-ին տեղեկացրեց նրա փաստաբան Կարեն Բատիկյանը: «Մենք երկու միջնորդություն էինք ներկայացրել՝ վերադարձնել Սամվել Մայրապետյանի անձնագիրը եւ ստանալ թույլտվություն նրա բուժումը կազմակերպել արտերկրում: Բավարարվել է միայն մեկ միջնորդություն եւ այսօր Սամվել Մայրապետյանի անձնագիրը վերադարձրել են, իսկ արտերկրում բուժօգնություն կազմակերպելու միջնորդությունը մերժվել է»,-ասաց նա: Ըստ փաստաբանի, գործընթացն այսքանով չի սահմանափակվելու: «Մենք շարունակելու ենք միջնորդություն ներկայացնել, քանի որ իմ պաշտպանյալի բուժօգնությունը հնարավոր չէ Հայաստանում կազմակերպել, միակ տարբերակը արտերկիր մեկնելն է»: Կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող Սամվել Մայրապետյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 6-ին, սակայն դեկտեմբերի 27-ին դատարանը փոխել է գործարարի խափանման միջոցը՝ 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելով նրան: ՀՔԾ այս որոշման առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը, որը ներկայացնում ենք ստորև. ՀՔԾ-ն վերադարձրել է Մայրապետյանի անձնագիրը, սակայն թույլ չի տալիս մեկնել երկրից. ՀՔԾ-ն մի ապօրինությունը վերացնելով, կատարել է մեկ այլ ապօրինություն Սույն թվականի հունվարի 8-ին ՀՔԾ-ն վերջապես գրավոր պատասխանել է Սամվել Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանի դիմումին և վերադարձրել է Մայրապետյանի անձնագիրը, չնայած նրան, որ տոներից առաջ ՀՔԾ քննիչը բանավոր մերժել էր այդ նույն դիմումը: Ակնհայտ է, որ ՀՔԾ-ն այս քայլն արել է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի Սամվել Մայրապետյանի գործով ՀՀ կառավարությանը հարցեր առաջադրելու արդյունքում: Զավեշտալի է, սակայն, այն հանգամանքը, որ վերադարձնելով Մայրապետյանի անձնագիրը, նույն պատասխանի մեջ ՀՔԾ-ն գրավոր առարկել է, որ Սամվել Մայրապետյանը ՀՀ-ից մեկնի, ավելին՝ պատասխանում ասված է, որ Մայրապետյանի Հայաստանից դուրս գալու ցանկացած փորձ կդիտարկվի որպես քննությունից թաքնվելու գործողություն: Եզրակացություն. ՄԻԵԴ-ի ճնշման ներքո՝ ՀՔԾ-ն ստիպված լինելով շդկել է իր մեկ ապօրինի գործողությունը, սակայն միաժամանակ կատարել է մեկ այլ ապօրինություն. առանց որևէ հիմնավորման, կյանքին և առողջությանը սպառնացող ակնհայտ վտանգի առկայության պարագայում Մայրապետյանին զրկել է անհետաձգելի բուժում ստանալու իրավունքից: Հաշվի առնելով, որ Սամվել Մայրապետյանի գործով զբաղվում է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը, լիահույս ենք, որ այս հարցը ևս կստանա իր արդարացի լուծումը և Սամվել Մայրապետյանին վերջապես հնարավորություն կընձեռվի բուժում ստանալ Գերմանիայի այն նույն կլինիկայում, որտեղ արդեն մեկ անգամ փրկել են նրա կյանքը: Հիշեցում. գործարար, հ2 հեռուստաընկերության տնօրեն և սեփականատեր Սամվել Մայրապետյանը, դեկտեմբերի 27-ից դատարանի որոշմամբ գրավի դիմաց գտնվելով ազատության մեջ, առ այսօր շարունակում է մնալ հիվանդանոցում, բժիշկների հսկողության տակ։ Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբ ք. Երևան 08.01.2019թ.