Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոբերտ Քոչարյանը ելույթ է ունեցել. մանրամասներ

Հասարակություն
Alumyan

Քոչարյանի դատապաշտպան Հայկ Ալումյանը որոշ մանրամասներ ներկայացրեց դատական նիստից: Հիմնականում, նրա խոսքով, գլխավոր դատախազն էր վերջին մոտ 40 րոպեում ներկայացնում առարկությունները, մանրամասնորեն փորձում էր իրենց փաստարկներին անդրադառնալ: «Ես չէի ասի, որ համոզիչ են նրա հակափաստարկները, բայց համենայդեպս մանրակրկիտ աշխատել է»,- ասաց Ալումյանը: Անդրադառնալով գլխավոր դատախազի ասածի տրամաբանությանը  կապված անձեռնմխելության հարցի հետ՝ Ալումյանն ասաց. «Դատախազը գտնում էր, որ անձեռնմխելիությունը անհամատեղելի է օրենքի խախտման հետ: Այսինքն՝ եթե որևէ մեկին վերագրվում է օրենքի խախտում, տվյալ պարագայում հանրապետության նախագահին: Եվ եթե էդ օրենքի խախտումը իր լիազորությունների մեջ չի մտնում, ինքն անձեռնմխելի չէ»,- մանրամասնեց նա: «Անձեռնմխելիության մասին կարելի է խոսել միմիայն այն դեպքում, եթե մինչ այդ խոսվում է որոշակի հանցագործության մեջ մեղադրվելու մասին»,- պարզաբանեց դատապաշտպանը: Ալումյանը նշեց նաև, որ խոր մոլորության մեջ են հասարակությանը գցել որոշ վերլուծաբաններ, որ ասում են՝ ամենածանր մեղադրանքը Սահմանադրական կարգի տապալումն է, և որ դրա վրա չի կարող տարածվել անձեռնմխելիությունը: Դատարանը, Ալումյանի խոսքով, որոշեց, որ ներկայացրած նոր հանգամանքները քննության առնել ոչ թե որպես նոր երևան եկած հանգամանք, այլ՝ քննության առնել նախորդ երկու բողոքների շրջանակներում: Քոչարյանի ելույթին անդրադառնալով, մանրամասնեց. «Ինքն ուղղակի նկարագրեց էն իրավիճակը, որ գոյություն ուներ: Որ իր կողմից այդ գործողությունները իրականացվել են: Նկարագրեց, թե ինչ էր կատարվում: Նկարագրվեց, թե ինչ մտավախություններ կային: Եվ նկարագրեց, թե ինչ պայմաններում, ինչ ելակետային տվյալների հիման վրա է արտակարգ դրությունը մտցվել»:   Այն  հարցին, թե ինչու են  որպես ապացույց ներկայացված 0038 հրամանի մի մասի օրինակն ապօրինի համարում՝ Ալումյանն ասաց. «Դե գիտեք ինչ. ո՞ր մասով է ապօրինի. եթե հրամանի վրա չկա ո՛չ համար, ո՛չ տարի, ո՛չ ամսաթիվ, ո՛չ տարեթիվ, ո՛չ ամիս»,- նշեց նա: Քոչարյանի դատապաշտպանն ասաց, որ այնտեղ գրված է, թե ինչ անել փետրվարի 23-ին: «Մենք չենք ասում, որ այդպիսի հրաման  չի եղել, մենք ասում ենք, որ հիմա ինչը որ գործի մեջ դրված է, ինքը չի համապատասխանում: Մենք ասում ենք, որ դա Պաշտպանության նախարարությունից չէ վերցված: Հենց էն հրամանից չի վերցված, որ իրականում գոյություն է ունեցել»,- մանրամասնեց նա: Ըստ Ալումյանի՝ թե իրական հրամանը ինչով է տարբերվելու այն հրամանից, որ հիմա կա գործի մեջ, դա է իրենց հետաքրքրում: Ըստ Ալումյանի՝ Քոչարյանը այդ հրամանի հետ կապված որոշ բաներ ասել է, սակայն դատապաշտպանը չցանկացավ ներկայացնել:          Քոչարյանի դատը հետաձգվել է: Այն կշարունակվի վաղը 11:00-ին: