Սամուել Սեւյանը Լեւոն Արոնյանին ուղարկեց 29-րդ հորիզոնական
Հայաստանի շախմատիստները համեստ տեղեր զբաղեցրին բրիտանական Մեն կղզում ավարտված շախմատի խոշոր միջազգային մրցաշարում: Լեւոն Արոնյանը վերջին տուրում սպիտակներով ոչ-ոքի խաղաց ռումինացի Բոգդան-Դանիել Դեակի հետ, իսկ Հրանտ Մելքումյանը սեւերով միավորը կիսեց հնդիկ գրոսմայստեր Վիդիթի հետ: Մեր առաջատար շախմատիստը վաստակելով 5,5 միավոր, ի վերջո զբաղեցրեց 29-րդ տեղը: Հրանտ Մելքումյանը 6 միավորով մրցաշարն ավարտեց 23-րդ հորիզոնականում, քանի որ վարկանիշով հետ մնաց 13 շախմատիստներից: Ամերիկահայ շախմատիստ Սամուել Սեւյանը վերջին տուրում պարտվեց իր մրցակցին եւ վաստակած 5 միավորով գրավեց 53-րդ տեղը: Բրազիլիան ներկայացնող մեր հայրենակից Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը, հակառակը, հաղթանակ տարավ 9-րդ պարտիայում, վաստակեց 5,5 միավոր եւ զբաղեցրեց 44-րդ հորիզոնականը: Մրցաշարի հաղթող դարձավ լեհ գրոսմայստեր Ռադոսլավ Վոյտաշեկը, որը Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիշի հետ ուներ 7 միավոր, սակայն թայ-բրեյքում հաղթել էր 2:1 հաշվով: Նա կստանա 50 հազար ֆունտ ստեռլինգ պարգեւավճար: Կանանցից լավագույն արդյունք ցույց տվեց ռուսաստանցի Ալինա Կաշլինսկայան, որը վերջին տուրում հաղթեց հենց Սամուել Սեւյանին, վաստակեց 6 միավոր եւ գրավեց 28-րդ տեղը: Նա կստանա 7000 ֆունտ: