ԴԱՐՊԱՍԱՊԱՀԻ ՄԵՂՔՈՎ
Աջակցիր «Ա1+»-ինՏեղեկացրել էինք, որ Երեւանի «Արարատը» խիստ անհաջող հանդես եկավ` «Ինտերտոտոյի» գավաթի խաղարկության 1-ին փուլի խաղում հյուրընկալվելիս 1:4 հաշվով զիջելով Սոլիգորսկի «Շախտյորին»: Պատասխան մրցավեճից առաջ հայ ֆուտբոլիստները գործնականում զրկվեցին հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունից: Իսկ ինչո՞ւ պարտվեց «Արարատը», այն էլ նման խոշոր հաշվով, երբ Հայաստանի ընթացիկ առաջնությունում անցկացրած 10 հանդիպումներում ընդամենը 2 գնդակ է ընդունել սեփական դարպասը:
Ըստ երեւույթին հիմնական պատճառը դարպասապահ Նիկոլայ Սարգսյանի անհաջող խաղն էր: Խփած 4 գնդակներից 3-ում Սարգսյանը պարտավոր էր փրկել իր թիմին. մեկ խաղում միանգամից 3 կոպիտ սխալ, այն էլ միջազգային մրցասպարեզում: Նման նվիրատվությունից «Շախտյորը» չէր կարող չօգտվել: Սարգսյանի հետ միասին իրենց մեղքի մեծ բաժինը ունեն նաեւ «Արարատի» պաշտպանները, որոնք թողնում էին բելառուսներին անարգել փոխանցումներ կատարել եւ հարվածել դարպասին:
Ամենացավալին այն է, որ «Արարատը», լինելով Հայաստանի առաջնության լավագույն թիմերից մեկը, որը ընթանում է 2-րդ տեղում, կարող է խոշոր հաշվով զիջել Բելառուսի առաջնության 6-րդ թիմին:
Պետք է ընդգծել, որ այս խաղում կրկին աչքի ընկավ բրազիլացի Մարկոս Պիզելին, որը դարձավ բելառուսների դարպասը խփված միակ գոլի հեղինակը: «Արարատի» ռմբարկուն անհատական բարձր վարպետության շնորհիվ ապակողմնորոշեց 4-5 պաշտպանների եւ մոտ 17 մետրից գնդակ մխրճեց «Շախտյորի» դարպասում:
Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում «Շախտյորի» գլխավոր մարզիչ Յուրի Վերգեյչիկը նշել է, որ թեեւ իր սաները խոշոր հաշվով հաղթանակ տոնեցին, սակայն դեռ վաղ է մտածել ընդհանուր հաջողության մասին. «Երեւանում մեզ ծանր հանդիպում է սպասվում, որին մենք ամենայն լրջությամբ պետք է նախապատրաստվենք»: