«ՈւԵՖԱ-ն ԳՈՂԱՑԱՎ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ»
Աջակցիր «Ա1+»-ինՀայ ֆուտբոլասերները խորը հիասթափություն ապրեցին` տեղեկանալով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ոչ մի հանդիպում էլ չի կայանալու: Երեւանի փողոցներում կատարված մեր հարցումները փաստում են, որ Հայաստանի ֆուտբոլային հասարակությունը աննախադեպ անհամբերությամբ էր սպասում այդ հանդիպումներին, մանավանդ Լեհաստանի նկատմամբ տոնած հունիսի 6-ի հաղթանակից հետո:
«ՈւԵՖԱ-ից նման անլուրջ որոշում երբեք չէի սպասում: Մեզանից գողացան այն միավորները, որ կարող էին վաստակել Ադրբեջանի հետ խաղերում», - նշեց 30-ամյա մի ֆուտբոլասեր, որի անունն էր Տիգրան: Ավելի տարեց Լեւոնը վրդովվմունքով ասաց, որ այս որոշումը հավասարազոր է պարտության. «Սա նույնն է, որ մենք 2 հանդիպումներում էլ պարտվեինք: 21-րդ դարում նման աբսուրդ որոշում ընդունել չէր կարելի: Ինչու պետք է Հայաստանը 2 խաղ քիչ անցկացնի, քան Բելգիան կամ Ղազախստանը: Չէ՞ որ մենք պատրաստ էինք ընդունել ադրբեջանցիներին: Եթե ՈւԵՖԱ-ն այդքան օբեյեկտիվ էր, թող Ադրբեջանին պարտություն գրանցեր»:
ՈւԵՖԱ-ի որոշումը հիասթափեցրել էր նաեւ 24-ամյա Արամին. «Եթե չէինք հանդիպելու, ապա ինչո՞ւ մեզ եւ Ադրբեջանին գցեցին միեւնույն զամբյուղում: Թող սկզբում մտածեին, այլ ոչ թե խաղերից 2 ամիս առաջ»: Սրանք ամենամեղմ մեկնաբանություններն էն, որոնք կատարեցին հայ ֆուտբոլասերները: Նրանցից շատերը խիստ վիրավորական տոնով էին խոսում որոշումը ընդունողների հասցեին: