«ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ» ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ
Աջակցիր «Ա1+»-ինՀանգստյան օրերին ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում կկայանան 11-րդ տուրի հանդիպումները: 4-ի փոխարեն այս անգամ կկայանա 3 հանդիպում, քանի որ «Փյունիկ» - «Արարատ» հանդիպումը հետաձգվել է: Ինչպես հայտնի է «Արարատը» վաղը մասնակցելու է Ինտերտոտոյի գավաթի խաղարկությանը, ուստի այս տուրում հանդես գալ չէր կարող:
ՀՖՖ-ում դեռ չեն որոշել, թե երբ է կայանալու այս հանդիպումը: «Փյունիկը» եւ «Արարատը» այժմ ընթանում են մրցաշարային աղյուսակի համապատասխանաբար 1-ին եւ 2-րդ հորիզոնականներում, ուստի սա ամենակենտրոնական հանդիպումներից մեկն է, եթե ոչ ամենակենտրոնականը:
Ինչեւէ 11-րդ տուրում կկայանա եւ մեկ սկբունքային մրցավեճ, որում նախորդ առաջնության փոխչեմպիոն «Բանանցը» կընդունի բրոնզե մեդալակիր «Միկային»: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք այս մրցավեճը տեղի կունենա վաղը 19:00-ին: «Միկան» նախորդ 2 տուրերում կրած պարտություններից հետո իրավունք չունի այս խաղում անհաջողության մատնվել, այլապես Արկադի Անդրեասյանի սաները, արդեն 7 միավորով ետ կմնանա լավագույն եռյակում ընդգրկված թիմերից:
Եւս 2 հանդիպում տեղի կունենա կիրակի օրը` հունիսի 24-ին: Այդ օրը Գյումրիում «Շիրակը» կընդունի Կապանի «Գանձասարին», իսկ «Հրազդան» մարզադաշտում կհանդիպեն ետնապահները` «Կիլիկիան» եւ «Ուլիսը»:
Փաստորեն այս տուրում հանդիպելու են մրցաշարային աղյուսակում միմյանց հարեւանությամբ գտնվող թիմերը` «Բանանցը» եւ «Միկան» (3-րդ-4-րդ), «Շիրակը» եւ «Գանձասարը» (6-րդ-5-րդ), «Կիլիկիան» եւ «Ուլիսը» (8-րդ - 7-րդ):