Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՒԵՖԱ-ն ԿԱՐՈՂ Է ԵՎ ՉՔՆՆԱՐԿԵԼ

Սպորտ

Այսօր Հոլանդիայում մեկնարկում է ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստը, որն իր աշխատանքները կավարտի վաղը: Սպասվում է, որ նիստի ընթացքում պետք է քննարկվի, թե որտեղ են հանդիպելու Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները «Եվրո-2008»-ի ընտրական փուլի շրջանակներում կայանալիք խաղերում:

Բացառված չէ, որ այս հարցը ՈւԵՖԱ-ն կրկին շրջանցի, ինչպես որ դա եղավ ապրիլին կայացած գործկոմի նիստում: Այն ժամանակ եւս խոսվում էր, որ հարցը վերջնական լուծում կստանա, սակայն որեւէ որոշում չկայացվեց: Եվրոպական մի քանի ԶԼՄ-ների հավաստատմամբ ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված չէ Հայաստան - Ադրբեջան խաղերի հարցը: Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը «Ա1+»-ին հայտնեց, որ տեղեկություն ՀՖՖ-ն չունի:

Այս օրերին շատ է խոսվում նաեւ այն տարբերակի մասին, որ հանդիպումները պարզապես չեն կայանա, որը հնարավորություն կտա ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին խուսափել մեծ սկանդալից: Սակայն իրականում մեծ սկանդալ կհասունանա այն դեպքում, եթե հանդիպումները չկայանան: Նման պարագայում Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները բնականաբար միավոր չեն վաստակի եւ ընտրական Ա խմբում մյուս մրցակիցների համեմատ կհայտնվեն անհավասար պայմաններում: Սա սպորտային սկզբունքների կոպտագույն խախտում է, որը ՈւԵՖԱ-ն թույլ տալ չի կարող:

Հ.Գ. Ադրբեջանի հավաքականը արդեն սկսել է նախապատրաստվել Հայաստանի հետ հանդիպումներին, քանի որ ընտրական հաջորդ խաղը հենց մեր հավաքականի հետ հանդիպումն է, որը պետք է կայանա սեպտեմբերի 8-ին: Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ Շահին Դինիեւը հայտնել է, որ օգոստոսի 22-ին կայանալիք Հայաստան-Պորտուգալիա մրցավեճը հասկանալի պատճառներով դիտել չի կարող. «Պորտուգալիայից կխնդրենք մեզ ուղարկել խաղի տեսագրությունը»: