ԼԱՎԱԳՈւՅՆ ԵՌՅԱԿԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 29-ին ՈւԵՖԱ-ի շտաբ- բնակարան Նիոնում կկայանա Չեմպիոնների լիգայի եւ ՈւԵՖԱ-ի գավաթի 2007-08թթ. խաղարկությունների որակավորման փուլերի վիճակահանությունները: Հայտնի է, որ Չեմպիոնների լիգայում Հայաստանը վեցերորդ տարին անընդմեջ ներկայացնելու է Երեւանի «Փյունիկը», իսկ ՈւԵՖԱ-ի գավաթում կրկին հանդես կգան «Բանանցը» եւ «Միկան»:
ՈւԵՖԱ-ի ակումբային վարկանիշային աղյուսակում Հայաստանը 52 երկրների ցանկում այժմ ընթանում է 43-րդ տեղում: Եթե մեր այս երեք ակումբները առաջիկայում հաջող հանդես չգան, ապա Հայաստանը կարող է հայտնվել է 48-50-րդ տեղերում: Գործակիցների վարկանիշային աղյուսակը կազմվում է վերջին հինգ տարիներին ակումբների ցույց տված արդյունքների վրա: 2002-03թթ. մրցաշրջանը շուտով դուրս կգա ցուցակից, մինդեռ այդ տարին ամենահաջողն էր Հայաստանի համար, քանի որ «Փյունիկը» մեծ առավելությամբ հաղթեց ֆիննական «Տամպերեին» այնուհետեւ ոչ-ոքի խաղաց Կիեւի «Դինամոյի» հետ, իսկ «Զվարթնոցը» Երեւանում հաղթեց Սլովենիան ներկայացնող իր մրցակցին: Այդ տարի Հայաստանը վաստակեց 1.17 գործակից: Հաջորդ տարիներին ցույց տված արդյունքները շատ ավելի համեստ էին:
Եվրագավաթների մեկնարկից առաջ խնդիրներ կան բոլոր մասնակիցների համար: Սկսենք «Փյունիկից»: Հայաստանի բազմակի չեմպիոնի ընթացիկ առաջնությունում ցույց տված հանդիպումը երկակի տպավորություն է թողնում:
Թեեւ Արմեն Գյուլբուդաղյանցի սաները վստահորեն գլխավորում են Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը, սակայն մենք վաղուց համոզվել ենք, որ դա Չեմպիոնների լիգայում հաջող հանդես գալու չափանիշ չէ: Հայաստանում «Փյունիկը» կարող է մեկը մյուսի հետեւից պարտության մատնել իր բոլոր մրցակիցներին, եւ հաճախ դա անել խոշոր հաշվով, սակայն նախորդ երկու տարիներին թիմը ձախողվել է որակավորման հենց առաջին փուլում: Ուրախալի է, որ օրերս թիմ է վերադարձել Համլետ Մխիթարյանը, որը իր մեծ փորձի շնորհիվ կարող է իր հետեւից տանել խաղընկերներին: Մինչ այս այդ պարտականությունները փորձում էր կատարել մեկ այլ փորձառու ֆուտբոլիստ Սարգիս Հովսեփյանը, որը «Փյունիկի» ավագն է: Սակայն Հովսեփյանը, լինելով պաշտպան, չի կարող լինել այն առաջատարը, որը կարող է թիմին նետել վճռական գործողությունների: Շատ կարեւոր է նաեւ, որ «Փյունիկում» են կրկին Աղվան Մկրտչյանը եւ Ալեքսանդր Թադեւոսյանը, ինչպես նաեւ բարձրահասակ պաշտպան Կարեն Դոխոյանը: Պաշտպանությունում «Փյունիկը» խնդիրներ չունի, քանի որ այնտեղ են հանդես գալիս վերը նշված Հովսեփյանը, Թադեւոսյանը, Դոխոյանը եւ Ռոբերտ Արզումանյանը: Իսկ ահա բարձրակարգ դարպասապահ չեմպիոնը առայժմ չունի: Վերջերս իրեն լավ է դրսեւորում Գրիգոր Մելիքսեթյանը, որը հանդես է գալիս երիտասարդական հավաքականում: Ավելի լուրջ խնդիրներ ունեն «Միկան» եւ «Բանանցը» որոնք նախորդ տարի եւս ձախողվել են որակավորման առաջին փուլում: «Միկան» ընդհանրապես դեռ չի կարողացել դուրս գալ հաջորդ փուլ: Ամեն դեպքում այս թիմի բախտը չի բերել հատկապես վիճակահանության ժամանակ, քանի որ գործարար Միքայել Բաղդասարովի թիմին մշտապես բաժին են հասել ավելի ուժեղ մրցակիցներ, քան մյուսներին (օրինակ շվեյցարական «Յանգ Բոյզը» կամ գերմանական «Մայնցը»): «Միկան» այժմ շեշտը դրել է լեգեոներների վրա եւ իր կազմում ընդգրկել է մի քանի բրազիլացիների: Սակայն նրանց խաղամակարդակը բավական ցածր է եւ պատահական չէ, որ թիմը նույնիսկ Հայաստանում արդյունքի չի հասնում: Սպասվում էր, որ Արկադի Անդրեասյանը, գլխավորելով «Միկան», կարող է բարելավել թիմի խաղը: Սակայն նոր մարզչի գլխավորությամբ թիմում որեւէ առաջընթաց չի նկատվում դեռ: Համենայնդեպս արդյունքները «Միկայի» օգտին չեն խոսում: Թվում էր չեխ մարզիչ Յան Պոշտուլկային վերջապես հաջողվել է օգտագործել «Բանանցի» ողջ պոտենցիալը, սակայն թիմը առաջնության նախավերջին տուրում 1:5 հաշվով զիջեց «Փյունիկին»: Մեկ հանդիպումով եզրակացություն անելը սխալ է, սակայն այդ մրցավեճում «Բանանցի» ցույց տված խաղը լուրջ մտորումների տեղիք է տալիս ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության մեկնարկից մեկ ամիս առաջ: