ՈւԵՖԱ-ն ՊԱՏՐԱՍՏՎՈւՄ Է ՎԵՐՋՆԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆԸ
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 23-ին կայանալիք ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի հերթական նիստում վերջանական լուծում պետք է ստանա Հայաստան-Ադրբեջան ֆուտբոլային հանդիպումների անցկացման հարցը:
Որտե՞ղ են անցկացվելու ֆուտբոլի Հայաստանի եւ Ադրբեջանի ազգային հավաքականների ընտրական հանդիպումները: Այս հարցն արդեն հոգնեցրել է բոլորին: Հայաստանի դիրքորոշումը հայտնի է վաղուց. մենք պատրաստ ենք ընդունել Ադրբեջանին, իսկ անվտանգության երաշխիքների դեպքում կմեկնենք Բաքու: Ադրբեջանցիները կտրականապես դեմ են այս տարբերակին եւ ցանկանում են մրցել միայն չեզոք դաշտում:
Ակնհայտ է, որ հունիսի 23-ին որոշումը կողմերից մեկին չի բավարարելու եւ սկսվելու է բողոքարկման գործընթացը: Հայաստանը հանձինս ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի, արդեն հայտարարել է, որ պատրաստ է դիմել սպորտային դատարան, եթե ՈւԵՖԱ-ն որոշի երկու հանդիպումներն էլ անցկացնել չեզոք դաշտում: Իսկ սպորտային դատարանը Լոզանում գտնվող CAS-ն է, որի անդամները Ադրբեջանի քմահաճույքներին չեն ենթարկվի: Հարցն այն է, որ CAS-ը, եթե բավարարի Հայաստանի հայցը, ապա լուրջ հարված կհասցնի ՈւԵՖԱ-ին` չեղյալ հայտարարելով նրա որոշումը:
Ամեն դեպքում սա ընդամենը ենթադրություն է, քանի որ նույնքան հավանական է, որ ՈւԵՖԱ-ն անաչառ որոշում կայացնի, առավել եւս, որ կառույցի ղեկավար Միշել Պլատինին ավելի հակված է հայկական տարբերակին: Իհարկե, այս մասին ֆրանսիացին հրապարակավ չի խոսում:
ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ ըստ կանոնակարգի խաղերի անցկացման վայրը պետք է հայտնի դառնա հանդիպումներից 60 օր առաջ, իսկ հանդիպումները ինչպես հայտնի է կայանալու են սեպտեմբերի 8-ին եւ 12-ին. «Եթե մենք չհամաձայնվենք ՈւԵՖԱ-ի հետ, ապա որոշումը բողոքարկելու 10 օր ժամանակ ունենք»: