ԱԴՐԲԵՋԱՆԸ ԶԳՈւՇԱՆՈւՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
Աջակցիր «Ա1+»-ինՈրքան մոտենում է Հայաստանի եւ Ադրբեջանի ֆուտբոլային հավաքականների միջեւ կայանալիք հանդիպումների ժամկետը, այնքան ավելի է լարվում ֆուտբոլային մթնոլորտը հարեւան երկրում: Այն բանից հետո, երբ Հայաստանը հաղթեց ընտրական Ա խմբի առաջատար Լեհաստանին, իսկ մինչ այդ Ղազախստանին, Ադրբեջանում սկսել են այլ կերպ խոսել Հայաստանի հետ հանդիպումների մասին: Նույն Լեհաստանի հետ անցկացրած 2 հանդիպումներում ադրբեջանցիները պարտություն էին կրել` այս խաղերում միանգամից 8 գնդակ ընդունելով սեփական դարպասը:
Կրակի վրա յուղ լցրեց «Բվին» բուքմեյքերական գրասենյակը, որը Եվրոպայում մեծ ճանաչում ունի: Այս ընկերությունը արդեն խաղադրույքներ է ընդունում Ադրբեջան Հայաստան եւ Հայաստան - Ադրբեջան սեպտեմբերին կայանալիք հանդիպումների վրա` բացահայտ ֆավորիտ համարելով հայ ֆուտբոլիստներին: Սեփական հարկի տակ կայանալիք հանդիպումում Ադրբեջանի հաղթանակի գործակիցը գնահատվում է 3.95, իսկ Հայաստանինը` 1.95: Երեւանում նախատեսված մրցավեճում Հայաստանի հաղթանակի համար սահմանվել է 1.45 գործակից, իսկ Ադրբեջանին` 5.15:
Ադրբեջանցի պատգամավոր Անար Մամեդխանովը հայտարարել է, որ ֆուտբոլի Ադրբեջանի ազգային հավաքականը Հայաստանի հետ հանդիպումների հաղթելու քիչ հնարավորություն ունի, ուստի չի ցանկանում հայերի հետ մրցել Բաքվում եւ Երեւանում. «Եթե Ադրբեջանը կարող է հաղթել Հայաստանին, ապա թող 2 հանդիպումներում էլ հանդես գա Հայաստանում: Բայց խնդիրը նրանում է, որ մեր թիմը այդպիսի հնարավորություն գրեթե չունի»: Մամեդխանովը խոստովանել է, որ չէր ցանկանա լսել Հայաստանի հիմնը Բաքվում. «Սակայն, ես պատրաստ եմ ստիպել ինձ կանգնել Հայաստանի հիմնի ժամանակ եւ լսել այն, եթե Ադրբեջանը հաղթելու է այդ մրցավեճում»: Մամեդխանովը վստահ է, որ Ադրբեջանը պարտվելու դեպքում կնվաստացնի իրենց ազգային արժանապատվությունը. «Այժմ մենք դեմագոգիայով ենք զբաղված եւ ասում ենք, թե ինչ էլ լինի չենք ընդունելու հայերին: Պատրաստ ենք նույնիսկ տուգանքներ մուծել եւ որակազրկել: Սա պարզապես դեմագոգիա է»:
Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ Շահին Դինիեւն էլ նշել է, որ իրեն չի հետաքրքրում, թե ինչպես է ելույթ ունենում Հայաստանը. «Ինձ համար կարեւորը իմն թիմն է»: