Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՐԵՆՑ ՉԱՐԴԱՐԱՑՆՈՂ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի ընթացիկ առաջնությունում աննախադեպ շատ են մարզչափոխությունները: Բարձրագույն խմբում հանդես եկող 8 ակումբներից 5-ում արդեն նոր մարզիչներ կան: Եւ սա այն դեպքում, երբ առաջնությունում ընդամենը 10 տուր է խաղացվել:

Ամենացնցող մարզչափոխությունը կատարվեց «Միկայում». այն մայիսի վերջին գլխավորեց Արկադի Անդրեասյանը: Փորձառու մասնագետը փոխարինեց երիտասարդ Արմեն Ադամյանին, որը այժմ նրա օգնականն է: Սպասվում էր, որ Անդրեասյանը կկարողանա թիմին նոր լիցք հաղորդել եւ «Միկան» կսկսի լրջորեն պայքարել չեմպիոնության համար: Համենայնդեպս, մարզիչը հունիսի 9-ին կայացած «Միկա» - «Կիլիկիա» խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարերեց, որ իր թիմը պայքարելու է չեմպիոնության համար: Սակայն առաջնության վերջին 2 տուրերը խսիտ անհաջող դասավորվեցին «Միկայի» համար: Թիմը նախ պարտվեց «Շիրակին», ապա նաեւ առաջատար «Փյունիկին»:

Այժմ «Միկան» ընթանում է 4-րդ տեղում եւ միանգամից 9-ը միավորով զիջում «Փյունիկին»: Բացի այդ «Միկան» արդեն զգալիորեն ետ է մնում լավագույն եռյակից: Իհարկե, դեռ շուտ է Արկադի Անդրեասյանի կատարած աշխատանքին գնահատական տալու համար, սակայն փաստ է, որ «Միկան» գործնականում զրկվեց չեմպիոն դառնալու հնարավորությունից եւ թիմի ղեկավարները առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնեն խաղացողների կազմին, այլ ոչ թե մարզչական:

Գրեթե նույն իրավիճակն է նաեւ «Կիլիկիայում» եւ «Ուլիսում», որտեղ 1-ին շրջանում մարզիչներ փոխվեցին:

«Ուլիսից» հեռացավ Արսեն Չիլինգարյանը, որի փոխարեն սկսեց աշխատել Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանը: Որքան էլ ջանում է Բարսեղյանը «Ուլիսին» դուրս բերել վերջին հորիզոնականներից, առայժմ դա նրան չի հաջողվում, քանի որ թիմը մեկը մյուսի ետեւից զիջում է մրցակիցներին եւ «Կիլիկիայի» հետ եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

«Կիլիկիան» եւս հանդես է գալիս նոր գլխավոր մարզչի ղեկավարությամբ: Ռաֆայել Գալստյանը վերջերս փոխարինեց Սերգեյ Աղաբաբյանին: Սակայն ի՞նչ կարող է անել Գալստյանը, երբ թիմում հանդես են գալիս բացառապես երիտասարդ անփորձ ֆուտբոլիստներ: Պատահական չէ, որ Գալստյանի գլխավորությամբ «Կիլիկիան» անցկացրել է 3 հանդիպում եւ նույնքան պարտություն կրել: