Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՄԻԿԱՅԻ» ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈւԹՅՈւՆԸ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում այսօր 19:00-ին կկայանան 10-րդ տուրի հանդիպումները: Կենտրոնական մրցավեճը տեղի կունենա Ոսկեհատի «Վարդանանք-451» մարզադաշտում, որտեղ «Միկան» կընդունի միաձնյա առաջատար «Փյունիկին»:

Նախորդ տուրում «Միկան» անսպասելիորն 0:1 հաշվով զիջեց «Շիրակին»: Արկադի Անդրեասյանի գլխավորությամբ դա թիմի առաջին պարտությունն էր առաջնությունում: Թեեւ փորձառու մարզիչը նոր է անցել աշխատանքի, սակայն «Փյունիկին» պարտվելու դեպքում նրա` «Միկայի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելը լրիվ անիմաստ բնույթ կստանա: Բացի այդ «Միկան» գործնականում կզրկվի չեմպիոն դառնալու հնարավորությունից, մինչդեռ Անդրեասյանը վստահեցնում էր, որ ակումբը պայքարելու է առաջին հորիզոնականի համար:

Իսկ ահա «Փյունիկը» նախորդ տուրում 5:1 հաշվով ջախջախիչ հաղթանակ էր արձանագրել «Բանանցի» նկատմամբ. թիմի խաղացողները գտնվում են բավական լավ մարզավիճակում: «Փյունիկի» երիտասարդ ֆուտբոլիստը թիմի փորձառու ավագ Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ բավական արագ ֆուտբոլ են խաղում` նախորդ 9 հանդիպումներում 22 գնդակ են ուղարկել մրցակիցների դարպասը:

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում «Ուլիսը» կմրցի «Բանանցի» հետ: Վերջինս այժմ ընթանում է 3-րդ տեղում եւ լավագույն եռյակում իր տեղը պահպանելու համար միայն հաղթանակ պետք է տոնի: Առաջին շրջանում «Բանանցը» «Ուլիսին» հաղթել է 2:0 հաշվով:

Կապանում տեղի «Գանձասարը» հնարավորություն ունի առաջին հաղթանակը տանել նորանշանակ գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանի գլխավորությամբ: Կապանցիները սեփական հարկի տակ մրցելու են ետնապահ «Կիլիկիայի» հետ:

Վերջին տուրերում հաջող հանդես եկող «Արարատը» «Նաիրի» մարզադաշտում կընդունի «Շիրակին»: Հաղթանակի դեպքում գյումրեցիները լավ հնարավորություն կստանան մոտենալ առաջատար քառյակին: Միայն 3 միավոր է անհրաժեշտ նաեւ «Արարատին», որը ընթանում է 2-րդ տեղում: