ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԿՏՐՈւԿ ԱՎԵԼԱՑԵԼ Է
Աջակցիր «Ա1+»-ինՄեկնարկում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ «Կոկա-Կոլա» ընկերության կողմից «ՀՖՖ Կոկա Կոլա Գավաթ 2007» համատեղ կազմակերպած 2-րդ ավանդական մրցաշարի մեկնարկը:
Մայիսի 21-ից հունիսի 1-ը կայանալիք մրցաշարում մասնակցելու են Երեւանի 24, Գյումրիի եւ Վանաձորի 8-ական դպրոցների սաներ` 1995 թվականին ծնված տղաներ եւ աղջիկներ: Հանդիպումները տեղի կունենան ՈՒԵՖԱ-ի «Փոքր դաշտեր» ծրագրի շրջանակներում կառուցված դաշտերում: Դրանք գտնվում են Կենտրոն, Էրեբունի, Ավան, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր թաղամասերում, ինչպես նաեւ Գյումրիում եւ Վանաձորում: Մասայական ֆուտբոլը զարգացնելու նպատակով անցկացվող այս մրցաշարին մասնակցող յուրաքանչյուր թիմ իր կազմում ունի 7 ֆուտբոլիստ, որոնցից 2-ը` աղջիկներ:
Ծրագրի ղեկավար Մարինա Թաշչյանը «Ա1+»-ին հայտնեց, որ ՀՖՖ-ն մեծ կարեւորություն է տալիս նմանատիպ մրցաշարերին եւ «Փոքր դաշտերը», որտեղ անցկացվում են մանկապատանեկան ֆուտբոլի հանդիպումներ, արդեն մեծ թիվ են կազմում Հայաստանում` գերազանցելով 40-ը. «ՀՖՖ-ն արդեն 300 հանրակրթական դպրոցներում է եղել նրանցից յուրաքանչյուրին նվիրելով 5-ական գնդակ: Բացի այդ այնտեղ մենք անցկացնում ենք ֆուտբոլային դասեր»:
Ի դեպ, նախորդ տարվա համեմատ «ՀՖՖ Կոկա-Կոլա գավաթի» խաղարկության մասնակից դպրոցների թիվը 16-ից հասել է 40-ի: