ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԱՎ ՄԱՐԶԱՎԻՃԱԿՈւՄ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականը շուտով կսկսի նախապատրաստվել հունիսի 2-ին եւ 6-ին կայանալիք «Եվրո-2008»-ի ընտրական փուլի հանդիպումներին: Ինչպես հայտնի է Հայաստանի հավաքականը նախ կհյուրընկալվի Ղազախստանին, ապա Երեւանում կմրցի Լեհաստանի հետ: Այս հանդիպումներն ինչպես երբեք կարեւոր են մեր ընտրանու համար, քանի որ անհաջողության դեպքում գրեթե երաշխավորված է ընտրական Ա խմբում ետնապահի դերը:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներից ոչ բոլորն են այսօր հանդես գալիս իրենց թիմերի կազմերում: Խոսքը վերաբերվում է Արման Քարամյանին («Պոլիտեխնիկի», Ռումինիա), Ռոբերտ Զեբելյանին («Կուբան», Ռուսաստան), Արամ եւ Արա Հակոբյաններին («Իլիչեւեց», Ուկրաինա), Էդգար Մանուչարյանին («Այաքս», Հոլանդիա): Այս ֆուտբոլիստները գրեթե զրկված են խաղային պրակտիկայից եւ պարզապես չեն կարող լավ մարզավիճակում ներկայանալ հավաքական: Մարտի 28-ին կայացած ԼեհաստանՀայաստան (1:0) խաղում մեր ֆուտբոլիստները պարտվեցին, հենց խաղային պրակտիկա չունենալու պատճառով:
Ամեն դեպքում հավաքականի հիմնական կորիզն այժմ գտնվում է լավ մարզավիճակում: Դարպասապահ Ռոման Բերեզովկսին հաջող է հանդես գալիս ռուսական «Խիմկիի» կազմում, պաշտպաններ Կարեն Դոխոյանը, Սարգիս Հովսեփյանը, Ռոբերտ Արզումանյանը մշտապես ելույթ են ունենում «Փյունիկում», կիսապաշտպան Արտավազդ Քարամյանն արդյունավետ խաղ է ցուցադրում ռումինական «Պոլիտեխնիկիում», հարձակվող Վահե Թադեւոսյանն էլ կարողացել է իր տեղը ապահովել շվեյցարական «Արաուի» կազմում: Լավ մարզավիճակում է նաեւ «Միկայի» առաջատար Արմեն Շահգելդյանը, «Բանանցի» ավագ Եղիշե Մելիքյանը, «Բանանցի» մեկ այլ ֆուտբոլիստ Սամվել Մելքոնյանը, ռումինական «Ունիրեայի» կիսապաշտպան Ռոմիկ Խաչատրյանը, մոլդովական «Զիբրուի» խաղացող Կարեն Ալեքսանյանը: Հատկապես տպավորիչ է Քարամյանի ելույթը Ռումինիայում, որտեղ նա համարվում է այս երկրի առաջնության լավագույն ձախ կիսապաշտպաններից մեկը:
Բացառված չէ, որ գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդը հավաքական հրավիրի նաեւ նոր թեկնածուների: Մասնավորապես, Հայաստանի ընթացիկ առաջնությունում հիանալի խաղ է ցուցադրում «Արարատի» բրազիլացի լեգեոներ Մարկոսը: