Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԱՐՍԱՓԵԼԻ ՀՈԳՆԱԾՈւԹՅՈւՆ

Սպորտ

Երեւանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի կարծիքով իր սաներն արժանի չէին պարտության Հայաստանի առաջնության 5-րդ տուրում «Բանանցի» հետ կայացած խաղում: Ինչպես արդեն տեղակացրել էինք «Արարատը» այս մրցավեճում պարտվեց 0:1 հաշվով:

«Մրցակիցը 25 մետրից կատարեց հարված եւ մեր դարպասապահի անփույթ խաղի պատճառով գնդակը հայտնվեց դարպասում: Իսկ մենք 3-4 ռեալ գոլային պահ չկարողացանք օգտագործել»- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Սուքիասյանը: «Արարատի» գլխավոր մարզիչն ընդգծեց, որ 2 թիմերի մոտ էլ առկա էր գերհոգնածություն. «Ֆուտբոլիստները սարսափելի հոգնած էին եւ չկարողացան ցույց տալ իրենց ողջ կարողությունները: Անբարենպաստ խաղացանկի պատճառով փաստորեն 40 օրում 10-11 հանդիպում ենք անցկացրել»: Ի դեպ «Արարատը» «Բանանցին» զիջել էր նաեւ մայիսի 9-ին կայացած գավաթի եզրափակիչ մրցավեճում, սակայն Վարուժան Սուքիասյանի կարծիքով գավաթային մրցավեճը հոգեբանական ազդեցություն չէր թողել. «Ամբողջ 2-րդ խաղակեսում մենք առավելություն ունեինք: Խնդիրը միայն հոգնածությունն էր»:

Այս օրերին մեր ֆուտբոլային հասարակությունը շատ է խոսում այն մասին, որ «Արարատի» բրազիլացի լեգեոներ Մարկոսն արժանի է հանդես գալ Հայաստանի հավաքականում: Սուքիասյանը եւս այս կարծիքին է. «Առաջինը ես եմ նման առաջարկ արել: Մարկոսը դեռ 22 տարեկան էլ չկա եւ մեր հավաքականին անպայման օգուտ կտա: Եւ ոչ միայն Մարկոսը. Վահագն Մինասյանը, Հրայր Մկոյանը եւս կարող են հանդես գալ հավաքականում»:

Տեղեկացնենք, որ «Արարատը» շուտով կսկսի նախապատրաստվել հունիսին մեկնարկելիք Ինտերտոտոյի գավաթի խաղարկությանը, որտեղ նրա մրցակիցը կլինի բելառուսական «Շախտյորը»: