«ՓՅՈւՆԻԿԸ» ԴԵՌ ՓՆՏՐՏՈւՔԻ ՄԵՋ Է
Աջակցիր «Ա1+»-ին«Ա1+»-ի հարցերին պատասխանում է Երեւանի «Փյունիկի» նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:
-Պարոն Գյուլբուդաղյանց, Հայաստանի առաջնության 4-րդ տուրի «Արարատի» հետ կայացած մրցավեճում (0:0) Դուք ձեր նորամուտը նշեցիք «Փյունիկում» որպես գլխավոր մարզիչ: Ի՞նչ կարծիքի եք հանդիպման մասին:
-Իմ կարծիքով դիտարժան խաղ ստացվեց: Երկուստեք գոլային պահեր եղան: Ոչ մենք կարողացանք իրագործել մեր գոլային պահերը, ոչ` նրանք: Գտնում եմ, որ խաղի տրամաբանական ելքը ոչ-ոքին էր:
-Նախքան «Փյունիկի» գլխավոր մարզիչ նշանակվելը մարզում էիք «Փյունիկ-2»-ը: Կարելի՞ է ասել, որ ամբողջովին ծանոթ լինելով «Փյունիկին» նոր պաշտոնում մերվելու խնդիր չունեք:
-Այո: Բացի այդ հայկական ֆուտբոլը բավական փոքր է: Արդեն 3 տարի է աշխատում եմ «Փյունիկում»՝ գլխավորելով «Փյունիկ-2»-ը: Ծանոթ եմ բոլոր տղաների հետ եւ իրոք նոր պաշտոնին հարմարվելը հանգիստ անցավ:
-«Փյունիկը» ինչո՞վ է տարբերվում Ձեր գլխավորած նախկին թիմերից:
-Եթե համեմատենք «Փյունիկ-2»-ի հետ, ապա այնտեղ միայն պատանիների հետ էր աշխատանք տարվում: Այնտեղ ծրագիրը լրիվ այլ էր: «Փյունիկ-2»-ում չէինք աշխատում արդյունքի համար, այնտեղ փորձում էինք ֆուտբոլիստներ պատրաստել պատանեկան, երիտասարդական եւ ազգային հավաքականների, «Փյունիկի» գլխավոր թիմի համար: Հիմա այստեղ լրիվ այլ խնդիրներ ենք լուծում:
-Մեր ֆուտբոլային հասարակությանը հատկապես հետաքրքրում է այն հարցը, թե ներկայիս «Փյունիկը» իր պոտենցիալով ի՞նչ խնդիրներ կարող է լուծել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում:
-Պետք է իրատես լինենք: Նախ պետք է տեսնենք, թե վիճակահանության ժամանակ ինչ մրցակից է մեզ բաժին հասնելու: Շատ լավ կլինի եթե 1, ինչու չէ նաեւ 2 փուլ անցնենք: Ի՞նչ կտա դա մեզ: Նախ եւ առաջ ֆուտբոլիստները կանցնեն փորձության միջով, քանի որ «Փյունիկը» հիմնականում համալրված է երիտասարդ ֆուտբոլիստներով:
Նման փորձ ունենալով ավելի օգտակար կլինեն ազգային հավաքականներին: Իմ կարծիքով շատ մեծ խնդիրներ դնել «Փյունիկի» առջեւ իրատեսական չէ: Չնայած ազգային հավաքականի թեկնածուներից շատերը, այդ թվում ավագը եւ գրեթե ողջ պաշտպանական գիծը մեր թիմում են խաղում: Տեսնենք: Վիճակահանությունը շատ կարեւոր կլինի, բացի այդ հայտնի չէ, թե ինչ մարզավիճակում կլինենք այդ ժամանակ: Տա Աստված վնասվածքներից հեռու լինենք: Ահա, օրինակ` փայլուն մարզավիճակում գտնվող Լեւոն Պաչաջյանը «Արարատի» հետ խաղից առաջ վնասվածք ստացավ եւ բաց թողեց հանդիպումը:
-Պաչաջյանին որքա՞ն ժամանակ կպահանջվի խաղադաշտ վերադառնալու համար:
-Արդեն 4-5 օր է չի մարզվում: Երեւի այսօրվանից կսկսի դանդաղ մարզվել, հատուկ անհատական ծրագրով:
-Նշեցիք, որ Հայաստանի հավաքականի պաշտպանական գծի ֆուտբոլիստները հանդես են գալիս «Փյունիկում» եւ թերեւս խաղային այս օղակում խնդիրներ չունեք: Իսկ դարպասապահի հարցում որեւէ հստակություն կա՞:
-Դեռ փնտրտուքի մեջ ենք: «Արարատի» հետ խաղին մասնակցեց նոր հրավիրված դարպասապահը Սերբիայից: Բայց դեռ շարունակում ենք փնտրել բարձրակարգ դարպասապահ: Գեւորգ Կասպարովի հեռանալուց հետո դեռ չենք գտել հիմնական դարպասապահի:
-Իսկ մյուս օղակներում եւ՞ս հնարավոր են փոփոխություններ:
-Հնարավոր է: Կցանկանայինք, որ բոլոր գծերն էլ ուժեղանան: Բայց դա չի նշանակում, որ դժգոհ ենք մեր ֆուտբոլիստներից:
-Ընթացիկ առաջնության մեկնարկային տուրերում «Փյունիկը» հաղթեց իր հիմնական մրցակիցներից 2-ին` «Բանանցին» եւ «Միկային», իսկ այժմ վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ այս տարի եւս թիմը մեծ առավելությամբ կդառնա Հայաստանի չեմպիոն:
-Կուզենայի, որ այդպես լիներ, բայց ինձ թվում է այս տարի «Բանանցն» էլ, «Միկան» էլ, «Արարատն» էլ, նաեւ «Գանձասարն» ու «Շիրակը» լուրջ պայքար կմղեն: Ոչ մի թիմ համար էլ հեշտ չի լինելու, քանի որ ժամանակի ընթացքում թիմերը ավելի են ուժեղանում եւ մրցակցությունը մեծանում է:
-Որպես ֆուտբոլիստ ելույթ եք ունեցել անկախացած Հայաստանի առաջին առաջնություններում: Կարո՞ղ եք համեմատել ներկայիս առաջնությունը 90-ականների հետ:
-1992թ. երբ սկսվեց անկախ Հայաստանի առաջնությունը մենք ունեինք Հոկտեմբերյանի «Սպարտակ», Լենինականի «Շիրակ», Կիրովականի «Լոռի», Աբովյանի «Կոտայք», Երեւանի «Արարատ»: Մի խոսքով ունեինք լավ պատրաստված, փորձությունների միջով անցած լավ ֆուտբոլիստներ ունեինք, որոնք հանդես էին եկել ԽՍՀՄ-ի տարբեր լիգաներում: 92, 93, 94թթ. երբ այս ֆուտբոլիստները ելույթ էին ունենում մրցակցությունն ավելի ուժեղ էր: Հետո մի քիչ անկում եղավ, քանի որ նրան փոխարինող ֆուտբոլիստների քանակը ավելի քիչ էր: Հիմա կամաց-կամաց մրցակցությունը կրկին ուժեղանում է: Արդեն նշեցի որ «Գանձասարը» եւ «Շիրակը» եւս լուրջ պայքար են մղում: «Շիրակը» արդեն վերադառնում է իր նախկին մակարդակին:
-«Փյունիկի» մարզադպրոցի սաները վերջին տարիներին համալրել են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները, ոմանք էլ մեկնել են արտասահմանյան ակումբներ: Աշխատելով «Փյունիկ-2»-ում եւ քաջ ծանոթ լինելով այս «Փյունիկի» մարզադպրոցին տեսնո՞ւմ եք ֆուտբոլիստներ, որոնք կարող են փոխարինել փորձառու ֆուտբոլիստներին:
-Տեսնում եմ նման ֆուտբոլիստների: Պետք է միայն ներդաշնակությունը պահպանենք: Երիտասարդ ֆուտբոլիստների հնարավոր է մարզիչը այդքան բան չկարողանա սովորեցնել, որքան նա սովորի փորձառու ֆուտբոլիստի կողքին հանդես գալով: Հերթափոխ գալիս է: Եթե այսպիսի նվիրվածությամբ ամեն օր փորձեն կատարելագործվել կունենք լավ հերթափոխ, քանի որ կադրեր ունենք թե «Փյունիկ-2»-ում, թե «Բանանցում»:
-Դուք առնչություն ունեք գրեթե բոլոր տարիքային հավաքականների հետ, իսկ ազգային հավաքականը վերջին պաշտոնական հանդիպումն անցկացրեց Ձեր եւ Վարդան Մինասյանի գլխավորությամբ, քանի որ Յան Պորտերֆիլդը ծանր վիրահատություն էր տարել: Ի՞նչ սպասելիքներ ունենք «Եվրո-2008»-ում Հայաստանի ազգային թիմի առաջիկա ելույթներից, որտեղ մեր թիմը մրցելու է Ղազախստանի եւ Լեհաստանի հետ:
-Տա Աստված, որ գլխավոր մարզիչն արդեն լինի թիմի ղեկին: Գլխավոր մարզչի ներկայությունը շատ կարեւոր է: Ցանկությունը մեծ է, որ լավ խաղանք Ղազախստանի դեմ եւ հաղթենք, այնուհետեւ լավ տրամադրությամբ պատրաստվենք Երեւանում Լեհաստանի հետ կայանալիք մրցավեճին:
-Իսկ ի՞նչ ծրագրեր կան մինչեւ 19 տարեկանների հավաքականի հետ, որի գլխավոր մարզիչը Դուք եք:
-Այստեղ ընտրության հնարավորությունը վերին աստիճանի ցածր է, քանի որ 1988, 1989թթ եւ նույնիսկ 1987թ. ծնված խաղացողների քանակը քիչ է: Օրինակ` բարձրագույն խմբի ակումբներում 1989թ. ծնված ընդամենը 3 խաղացող է հայտավորված, որոնցից միայն Մխիթարյան Հենրիկն է հանդես գալիս իր թիմի հիմնական կազմում: Մնացած 2-ը փոխարինման են դուրս գալիս 5-10 րոպե: Առաջին խմբի առաջնությունում հայտավորված են 14-15 ֆուտբոլիստներ: Այստեղ ընդամենը 4-5 խաղացող են համարվում հիմնական կազմի ֆուտբոլիստ: Միայն «Փյունիկ-2»-ն է, որ իր կազմում ունի 6 նման ֆուտբոլիստ: Իսկ «Փյունիկ-2»-ը մյուս թիմերին հաղթում է 3:0, 4:0 հաշիվներով: Բայց 90թ. ծնվածների հավաքականում ունենք խոստումնալից խաղացողներ, որոնցից մի քանիսը կմիանան 19 տարեկաններին:
Զրուցեց Արթուր Նազարյանը