Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՍՏԻՊԵ՞Լ ԵՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՏԱԼ

Սպորտ

Ադրբեջանական ԶԼՄ-ները միայն հայկական լրատվամիջոցներից են իմացել, որ մայիսի 4-ին Հայաստանի մարզական պատվիրակությունը Բաքվում հանդիպում է ունեցել երկրի սպորտային ղեկավարների հետ եւ հանդիպմանը ներկա են գտնվել ՖԻԼԱ-ի նախագահ Ռաֆայել Մարտինետին, ինչպես նաեւ ՄՕԿ-ի ներկայացուցիչ Թամաշ Այան: Կողմերը քննարկել էին հայ ըմբիշների մասնակցության հարցը սեպտեմբերին Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությունում:

Հայաստանի պատվիրակության կազմում Բաքու մեկնած Ռազմիկ Ստեփանյանը (ՀՕԿ-ի նախագահի առաջին տեղակալ), Արմեն Գրիգորյանը (ՀՕԿ-ի գլխավոր քարտուղար) եւ ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը օրերս լրագրողներին հայտնեցին, որ հանդիպումը գաղտնի բնույթ է կրել եւ ադրբեջանական կողմը ցուցաբերել է մեծ զգուշություն:

Ադրբեջանի սպորտի եւ երիտասարդության նախարարության մամլո խոսնակ Ռահիֆ Աբասովը հաստատել է այս տեղեկությունը` նշելով, որ ադրբեջանցիները ստիպված են եղել անվտանգության երաշխիքներ տալ հայկական կողմին. «Քննարկման մասնակիցները հիշեցրեցին մեզ, որ Բաքուն 2016թ. օլիմպիական խաղերը անցկացնելու հայտ է ներկայացրել եւ պարտավոր է ապահովել բոլոր մասնակիցների անվտանգությունը»: Աբասովը նաեւ նշել է, որ անիմաստ է ըմբշամարտը համեմատել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայանալիք ֆուտբոլային հանդիպումների հետ, քանի որ ըմբիշները մրցագորգ են դուրս գալու 7 հազար նստատեղ ունեցող մարզապալատում, իսկ ֆուտբոլիստները մրցելու են 30 հազարանոց մարզադաշտում: