Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

15 ՏԱՐԻ ԱՆՑ ԳԱՎԱԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉՈւՄ

Սպորտ

Այսօր 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ֆուտբոլի Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպումը, որտեղ կհանդիպեն «Արարատը» եւ «Բանանցը»:

«Արարատը» գավաթին արժանացել է 4 անգամ, սակայն այս հաջողությունները թիմը արձանագրել է 90-ականներին, իսկ 21-րդ դարում լեգենդար ակումբը դեռ որեւէ հաջողության չի հասել: Իսկ ահա «Բանանցը» գավաթին տիրել է ընդամենը 1 անգամ: Դա տեղի է ունեցել 1992թ., երբ կազմակերպվեց անկախացած Հայաստանի գավաթի 1-ին խաղարկությունը: Փաստորեն 15 տարի անց «Բանանցը» կրկին հնարավորություն ունի նվաճել պատվավոր տիտղոսը:

Հետաքրքիր է, որ 1992թ. «Բանանցը» գլխավորում էր Վարուժան Սուքիասյանը, որն այժմ համարվում է «Արարատի» գլխավոր մարզիչը: Սուքիասյանի ներկայիս թիմի համար գավաթը նվաճելը կրկնակի կարեւոր նշանակություն ունի, քանի որ ի տարբերություն «Բանանցի», «Արարատը» առայժմ չի նվաճել ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության ուղեգիր: Ինչպես հայտնի է, գավաթի հաղթողը իրավունք է ստանում մասնակցել ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությանը, որի հաջորդ խաղարկությունը մեկնարկում է հուլիսին: «Բանանցը» այդ իրավունքը նվաճել էր 2006թ. Հայաստանի առաջնությունում` գրավելով 2-րդ հորիզոնականը:

Բուքմեյքերներն այս խաղում թիմերը հնարավորությունները հավասար են գնահատում: «Բանանցի» հաղթանակի գործակիցը կազմել է 2.45, իսկ «Արարատինը»` 2.65: Ոչ-ոքիի համար սահմանվել է 2.95 գործակից:

Ի դեպ, 21-րդ դարում առաջին անգամ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում հանդես չեն գա «Միկան» եւ «Փյունիկը»: