Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈւԹՅՈւՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՄԻ ՓՈւԼ ԷՐ

Սպորտ

Հունա-հռոմեկան ոճի Հայաստանի հավաքականը վերջերս հանդես եկավ Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնությունում եւ չկարողացավ որեւէ հաջողություն արձանագրել: «Ա1+»-ի հարցերին է պատասխանում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական խաղերի նախկին չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը

-Ինչպե՞ս ելույթ ունեցան հայ մարզիկները Եվրոպայի առաջնությունում, որը վերջին կարեւոր ստուգատեսն էր սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ:

-Առաջնությանը մասնակցում էինք 7 քաշային կարգերում: Հիմնական կազմում կորուստներ ունեինք: Մասնավորապես Սոֆիա չմեկնեցին Ռոման Ամոյանը եւ Կարեն Մնացականյանը, որոնցից մեծ սպասելիքներ ունեինք: Նրանց բացակայությունը հարգելի էր, քանի որ Ռոման Ամոյանը վնասվածք ուներ, իսկ Կարեն Մնացականյանին մարզչական խորհուրդը որոշել էր հնարավորություն տալ հանգստանալ եւ լավագույնս նախապատրաստվել հաջորդ տարի կայանալիք օլիմպիական խաղերին:

55կգ քաշայինների պայքարում անհաջող հանդես եկավ Աշոտ Խաչատրյանը, որը առաջին շրջանից դուրս մնաց: 60կգ քաշում երիտասարդ ըմբիշ էր (Խոսրով Մելիքյան – խմբ.): Առաջին շրջանում նա հաղթեց չեխ ճանաչված ըմբիշին եւ հաջորդ շրջանում պարտվեց լատվիացուն: 66կգ քաշային կարգում Արման Ադիկյանն էր մասնակցում, որը նույնպես երիտասարդ ըմբիշ էր եւ առաջին անգամ էր մասնակցում Եվրոպայի մեծահասակաների առաջնությանը: Շատ հաջող հանդես եկավ` դուրս գալով կիսաեզրափակիչ: 3-րդ տեղի համար պայքարում հանդիպեց թուրք ըմբիշի հետ: Կարող եմ ասել, որ հաղթեց, բայց մրցավարների կողմից ճիշտ չգնահատվելու պատճառով մեդալի չարժանացավ: 74կգ քաշային կարգում մասնակցում էր Արսեն Ջուլֆալակյանը (Լեւոն Ջուլֆալակյանի որդին – խմբ.), որը 3 կարեւոր հաղթանակներ տարավ ճանաչված ըմբիշների հանդեպ եւ կիսաեզրափակիչում պարտվեց լատվիացի ըմբիշին, որը նույնպես ճանաչված եւ փորձառու ըմբիշ էր:

Արսենը նույնպես առաջին անգամ էր մասնակցում Եվրոպայի առաջնությանը եւ շտապողականությունը, ինչ-որ տեղ նաեւ մեդալ վերցնելու մեծ ցանկությունը խանգարեց նրան, որի արդյունքում վերջին 3 վայրկյանների միավոր տվեց մրցակցին եւ գրավեց 5-րդ տեղը: 84կգ քաշում հանդես եկած Դենիս Ֆորովից սպասելիքներ ունեինք, բայց հաջող հանդես չեկավ եւ պարտվեց աշխարհի չեմպիոն վրացի ըմբիշին` դուրս մնալով հետագա պայքարից: 96կգ քաշում Արման Գեղամյանը առաջին շրջանում հաղթելով մոլոդավցի մարզիկին, հաջորդ փուլում զիջեց ռուս ըմբիշին: Եւ վերջապես գերծանր քաշային կարգում հանդես եկավ Յուրի Պատրիկեեւը, որը 2 լավ հաղթանակ տարավ, 3-րդ շրջանում պարտվեց նոր կանոնների պատճառով, քանի որ ընդհանուր հաշվարկով ուներ 8 միավոր, իսկ մրցակիցը 6, սակայն ի վերջո հաղթանակը տրվեց մրցակցին: Ընդհանուր կարող եմ ասել, որ երիտասարդ թիմ էր եւ գոհ եմ ելույթներից: Կարող էինք ունենալ 3 մեդալ, սակայն, ցավոք, բավարարվեցինք երկու 5-րդ տեղով:

-Փաստորեն, Եվրոպայի առաջնությունը պարզապես ուսումնամարզական հավաքի պես մի բան էր, որի ընթացքում փորձարկում էիք նոր մարզիկների, ուստի արդյունքները այնքան էլ կարեւոր չէին:

-Այո, մենք պլանավորել ենք հաջորդ տարի յուրաքանչյուր քաշային կարգում ունենալ 2-3 հավասարազոր ըմբիշներ, որոնց կարող ենք վստահել վարկանիշային մրցաշարերում: Մեկ ամսվա ընթացքում մենք ունենք 3 վարկանիշային մրցաշար, իսկ 1 մարզիկը 1 ամսվա ընթացքում 3 մրցաշարի մասնակցել չի կարող: Դրա համար մեզ անհրաժեշտ են բարձրակարգ 2-3 ըմբիշներ, որպեսզի կարողանանք վարկանիշային մրցաշարերում օլիմպիական խաղերի ուղեգրեր ձեռք բերել:

-Առաջիկայում ի՞նչ նախախատրաստական ծրագրեր ունեք:

-Պատրաստավում ենք աշխարհի առաջնությանը: Ունենք 4 ուսումնամարզական հավաքներ եւ 3 միջազգային մրցաշարեր` տարբեր ժամանակահատվածներում: Սկսած հունիսից մինչեւ սեպտեմբեր:

- Աշխարհի առաջնությունը աշնանը կայանալու է Բաքվում եւ հայտնի, որ հայ ըմբիշները կարող են չմասնակցել այս առաջնությանը: Տեղեկություն կար, որ Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնությունում այս կապակցությամբ հերթական քննարկումն է եղել:

-Մայիսի 3-ին Հայաստանի պատվիրակությունը հրավիրվել է Բաքու, որտեղ պետք է խորհրդակցություն լինի նրանց օլիմպիական կոմիտերի ղեկավարության հետ: Հանդիպմանը ներկա է լինելու նաեւ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռաֆի Մարտինետը: Այդ խորհրդակցությունից հետո էլ պարզ կլինի, թե ինչ է լինելու աշնանը:

Վերջերս ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան իր նիստի ընթացքում հաստատել էր, որ խաղացանկը, ըստ որի ըմբիշները բացի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությունից օլիմպիական խաղերի ուղեգրեր կարող են նվաճել նաեւ 2008թ, կայանալիք վարկանիշային 4 մրցաշարերում: Եթե Հայաստանը չմասնակցի Բաքվի առաջնությանը, հնարավո՞ր է այդ բացը լրացնի հաջորդ 4 մրցաշարերում:

Ամենավտանգավորը այն է, որ եթե չմասնակցեն աշխարհի առաջնությանը, իրավունք չենք ունենում մասնակցել նաեւ վարկանիշային մրցաշարերին: Հիմա մեր ամբողջ պայքարը նրանում է, որ եթե Բաքվում չկարողանանք հանդես գալ, մեզ թույլ տան մասնակցել վարկանիշային մրցաշարերին:

-Եվ վերջում կցանկանայի իմանալ, թե այս տարի ամռանը, Ձեր անվան միջազգային մրցաշարը անցկացնելու է նույն կանոնակարգով, թե կան փոփոխություններ:

-Երիտասարդների մրցաշարը անցկացնելու է հունիսի 1-3-ը: Այն ՖԻԼԱ-ի օրացույցում ընդգրկված է: Այնտեղ առավել աչքի ընկած մեր երիտասարդները հնարավորություն կստանա հավաքականի կազմում մասնակցել Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում, այսինքն այս մրցաշարից հետո կձեւավորվի Հայաստանի երիտասարդական հավաքականը:

Զրուցեց` ԱՐԹՈւՐ ՆԱԶԱՐՅԱՆԸ