ԵՎՍ ՄԵԿ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՎաղը` ապրիլի 26-ին, կսկսվի ֆուտբոլի Հայաստանի առաջնության 3-րդ տուրը: 17:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում «Բանանցը» կընդունի առաջնության ետնապահ «Ուլիսին», որը միակ գոլ չխփած ակումբն է ընթացիկ առաջնությունում:
Իսկ ահա տուրի եւ ընդհանրապես առաջին շրջանի ամենահետաքրքիր հանդիպումը կկայանա ապրիլի 27-ին, երբ դարձյալ «Հանրապետական» մարզադաշտում «Փյունիկը» կմրցի «Միկայի» հետ: 2-րդ տուրում «Փյունիկը» հանդիպեց իր մեկ այլ հիմնական մրցակից «Բանանցին» եւ հաղթեց 2:1 հաշվով: Այժմ «Փյունիկը» եւ «Միկան» առանց միավորների կորստի գլխավորում են մրցաշարային աղյուսակը եւ այս հանդիպումը առանձնահատուկ նշանակություն ունի կողմերի համար:
Հաջող մեկնարկը կողմերին ստիպում է այս մրցավեճին շատ մեծ կարեւորություն տալ, քանի որ նույնիսկ ոչ-ոքիի դեպքում կողմերը կարող են զրկվել առաջատարի դերից: Բանն այն է, որ Կապանի «Գանձասարը» եւս 6 միավոր է վաստակել, եւ «Փյունիկին» եւ «Միկային» զիջում է միայն խփած եւ բաց թողած գնդակների պատճառով:
3-րդ տուրում «Գանձասարը» «Հրազդան» մարզադաշտում հյուրընկալվելու է «Կիլիկիային», որը առայժմ միավոր չի վաստակել: Ամենայն հավանականությամբ «Գանձասարի» ֆուտբոլիստները 3 միավորով կվերադառնան Կապան, քանի որ «Կիլիկիան» ընթացիկ մրցաշրջանում չի կարողանում լուրջ դիմադրություն ցույց տալ իր մրցակիցներին: Ավելորդ չէ նշել, որ «Գանձասարը» միակ թիմն է, որ առայժմ գնդակ չի ընդունել սեփական դարպասը:
3-րդ տուրում եւս մեկ հանդիպում է կայանալու է Գյումրիում, որտեղ «Շիրակը» կընդունի «Արարատին»: Սա եւս սկզբունքային մրցավեճ է, որտեղ կողմերի հնարավորությունները հավասար են: «Շիրակը» սեփական հարկի տակ բավական հաջող է հանդես գալիս, իսկ «Արարատ»-ը արդեն 3 միավորի կորուստ է ունեցել 1-ին տուրում «Գանձասարի» հետ կայացած մրցավեճում, ուստի այս անգամ հանդես կգա ուժերի գերլարումով` փորձելով չկրկնել մեկնարկային տուրում թույլ տված սխալները: