Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԱՎԱԳԸ ՄԵԿՈւՍԱՐԱՆՈւՄ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հարություն Վարդանյանը ձերբակալվել է շվեյցարական ոստիկանության կողմից եւ այժմ գտնվում է նախնական կալանքի տակ: Ըստ շեյցարական ոստիկանության` Վարդանյանը ներգրաված է ինչ-որ ֆինանսական պատմության մեջ: Ներկայումս գյումրեցի ֆուտբոլիստը հանդես է գալիս Շվեյցարիայի առաջին դիվիզոնի «Բիլ» թիմում: Այս ակումբի նախագահ Խոֆշտետերը հույս է հայտնել, որ Վարդանյանը շուտով ազատ կարձակվի, քանի որ նա օրենքը չի խախտել:

Հարություն Վարդանյանը մերձավորներից մեկը, չցանկանալով ներկայանալ, մեզ հետ զրույցում նշեց, որ սա ընդամենը թյուրիմացություն է. «Հարութը շատ ազնիվ տղա է եւ միշտ խարդախություններից հեռու է մնում: Կամ նրա գլխին սարքել են, կամ էլ ինչ-որ անճշտություն է տեղի ունեցել»:

Հայաստանի հավաքականում Վարդանյանի նախկին խաղընկերներից մեկն էլ նշեց, որ նա շատ առատաձեռն ֆուտբոլիստ էր. «Հավաքականի հանդիպումներից մեկի ժամանակ Հարությունը լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց եւ խաղից հետո 1000 դոլար պարգեւավճար ստացավ: Նա այդ գումար հավասար բաժանեց խաղընկերների միջեւ: Շվեյցարիայից նա չէր մոռանում ընկերներին եւ հաճախ փորձում էր օգնել նրանց»:

Հարություն Վարդանյանը Հայաստանի հավաքականում հանդես է եկել շուրջ 10 տարի` անցկացնելով 63 հանդիպում: