Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏԵՐ-ԶԱՔԱՐՅԱՆԻ ԳԼԽԻՆ ԱՄՊԵՐ ԵՆ ԿՈւՏԱԿՎԵԼ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր- Զաքարյանի մարզչական կարիերան ֆրանսիական «Նանտում» առայժմ անհաջող է դասավորվում: Փետրվարին ստանձնելով հեղինակավոր այս ակումբի գլխավոր մարզչի պարտականությունները, Տեր-Զաքարյանը պարտավորվեց ակումբը դուրս բերել ճգնաժամից եւ պահպանել տեղը Ֆրանսիայի բարձրագույն խմբի առաջնությունում:

Սկզբում ամեն ինչ շատ հաջող էր ընթանում «Նանտի» համար, սակայն արդեն 1 ամսից ավելի է թիմը հաղթանակ չի տոնել եւ 30 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Ֆրանսիական մամուլի հավաստմամբ Միշել Տեր-Զաքարյանն ընթացիկ առաջնության ավարտից հետո կհեռանա ակումբից, որտեղ անցկացրել է իր մարզական կարիերայի մեծ մասը: Մասնագետների կարծիքով «Նանտը» այլեւս հնարավորություն չունի պահպանել տեղը բարձրագույն խմբում, քանի որ 17-րդ հորիզոնականում ընթացող «Նիսին» զիջում է 7 միավորով, իսկ առաջնության ավարտին մնացել է ընդամենը 5 տուր:

Անձամբ Միշել Տեր-Զաքարյանը խոստովանել է, որ իրավիճակը շատ բարդ է. «Պետք է փորձենք վերջին հնարավորությունն օգտագործել: Ամեն դեպքում չենք պատրաստվում մնացած 5 խաղերին զբոսանքի դուրս գալ»:

Ֆրանսիական ԶԼՄ-ները հավաստիացնում են նաեւ, որ Տեր-Զաքարյանը բավական լարված հարաբերությունների մեջ է «Նանտի» դարպասապահ Ֆաբիեն Բարտեզի հետ: Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Բարտեզը վերջին հանդիպումներում մի քանի կոպիտ սխալներ թույլ տվեց, որոնք թանկ արժեցան ակումբի համար: Հանդիպումներից մեկում Տեր-Զաքարյանը նույնիսկ փոխարինեց Բարտեզին, իսկ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հրապարակային դժգոհություն հայտնեց դարպասապահի գործողությունների վերաբերյալ: