Սիրիայում կարմիր գծերի դիվանագիտություն են բանեցնում. Ռուբեն Սաֆրաստյան (տեսանյութ)
Թուրքական զորքերի խորացումը Աֆրինի ուղությամբ բացահայտ ագրեսիա էր, որի վրա, ցավոք սրտի, աշխարհն աչքերը փակեց: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: «Այս գործողությունը մեծ հարված էր խաղաղ բանակցային գործընթացին՝ Թուրքիայի կողմից: Բայց կան նաև դրական միտումներ: Հաջողվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ռազմական գործողությունները մեկ ամսով դադարեցնելու բանաձև ընդունել: Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի՝ Սիրիայում հիմնական խաղացող երկրների միջև ձեռք է բերվել համաձայնություն: «Սիրիայում սկսում է գործել կարմիր գծերի դիվանագիտությունը, այսինքն, որոշակի շրջանակներում, հիմնական խաղացողներին հնարավորություն է տրվում իրենց նպատակներն իրականացնել, բայց դրվում է նաև կարմիր գիծ, և այդ կարմիր գիծը չպետք է անցնել: Եթե կարմիր գիծը հատում են, տեղի են ունենում բախումներ: Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ կողմերը հարցերը փորձում են լուծել խաղաղ ճանապարհով, սակայն Թուրքիայի բացահայտ օկուպացիան խախտեց այս միտումը: «Բայց, կարծես թե հնարավորություն դեռ կա այս ագրեսիան որոշակի շրջանակներում պահելու: Թուրքերն ամենաբարձր մակարդակով հայտարարել էին, որ նրանք հաջորդ հարվածը հասցնելու են սիրիական Մանբիջի ուղղությամբ, բայց որոշակի հույս կա, որ հնարավոր կլինի գտնել որոշակի կոմպրոմիսային տարբերակ»: Թուրքագետը նկատում է, որ Թուրքիայի նպատակն է ողջ թուրք-սիրիական սահմանում անվտանգության գոտի ստեղծել, մոտավորապես 25 հազար կիլոմետր տարածք դարձնել անմարդաբնակ: Սա նշանակում է կամ ոչնչացնել, կամ վռնդել քրդական բնակչությանը: Եթե սա իրականանա, ապա 21-րդ դարում հերթական անգամ մենք կտեսնենք թուրքական ցեղասպանության քաղաքականությունը: