«Ժողովրդին մնացել է կրակեն կամ իրենց վրա, կամ պաշտոնյաների» (տեսանյութ)
«2011 թվականի հունիսին իմ աչքի առաջ ընկերները եկել են վերցրել տարել։ Ասեցի Արա, բալես, ե՞րբ կգաս, մենք տեղ պիտի գնայինք, ասեց մամ, 10 րոպեից ես կգամ, 10 րոպեն դարձել է 6 տարի 4 ամիս»,- «Ա1+»-ի հետ զրույցում պատմում է Էմմա Հարությունյանը։ Որդու` Արա Խաչատրյանի, անհետացման մեջ Սյունիքի Կապան քաղաքի բնակիչ Էմմա Հարությունյանը կասկածում է նրան տնից դուրս կանչած ընկերներներին։ Մայրը չգիտի որդին ինչ ճակատագրի է արժանացել, իր խոսքով՝ անհետացման գործը միտումնավոր չի բացահայտվում. «Վովա Գասպարյանի համար սա 5 րոպեի գործ ա, սակայն չի ուզում, իրեն ձեռք չի տալիս։ Էնքան փող են վերցրել, որ գրել են անհայտ կորած։ Երկուսը փախած են Մոսկվա, ոչ հետախուզում են հայտարարում, ոչ ձերբակալում են։ Էն երկուսն էլ հիմա քաղաքում ապրում են»,- ասում է տիկին Էմման։ https://youtu.be/8X9DNOhbvbo Ինչպես նա, այնպես էլ Կառավարության շենքի դիմաց ակցիա անցկացնողները հույս են դնում վարչապետ Կարեն Կարապետյանի վրա։ Մարիսա Չոբանյանը 9 տարի առաջ 45 միլիոն դրամ է վճարել «Գլենդել Հիլս» կազմակերպությանը՝ հուսալով դառնալ 2 բնակարանի սեփականատեր։ Սնանկ ճանաչված ընկերությունը կիսավարտ է թողել շենքի կառուցումը և գրավադրել։ Արդյունքում քաղաքացիները մնացել են դրսում։ Մարիսա Չոբանյանն ասում է. «Վերահսկողություն կա՞ երկրում, ինչպե՞ս կարելի է 270 մարդ բնակարան վերցնի, ու ոչ մեկը պատասխան չտա դրա համար։ Իրենք շատ լավ ծրագրված, մտածված ժողովրդին թալանում են»։ Մեկ այլ քաղաքացու՝ Սոֆյա Վահրադյանն այսպես է մեկնաբանում. «Մարդիկ վերցնում են իրենց վերջին գումարները վճարում են, որ իրենց երեխաների համար տուն ունենան, ու արդյունքում կոտրված տաշտակի առաջ ենք հայտնվում»։ 6 տարի առաջ համալսարան ընդունված Հայկանուշ Մովսիսյանի ծախսերը Երևանում կրկնապատկվել են։ Վճարում է ոչ միայն ուսման դիմաց, այլ նաև բնակարանի վարձ. «Ծնողներս էն ժամանակ մտածել են, որ ընդունվեմ համալսարան ես բնակարանում կապրեմ արդեն, բայց ապրում եմ վարձով, որովհետև այդ բնակարանը 6 տարի է չկա։ Պահանջում եմ գումարը, էն գումարը, որ տվել են իմ ծնողները»,- պատմեց Հայկանուշը։ «Գլենդել Հիլզ»-ից խաբված քաղաքացները գործը հաղթել են դատարանում, ճանաչվել պարտատեր, բայց դատական որոշումը մինչ օրս ի կատար չի ածվում։ Պատմությունը գրեթե նույնությամբ կրկնվել է նաև Եկմալյան 4-ից 16 հասցեների նախկին բնակարանատերերի ու Նորաշեն 2007 կոոպերատիվի անդամների դեպքում։ Գումարը տվել են, բայց բնակարան չեն ստացել։ Վարչապետ Կարեն Կարապետյանին են դիմում։ Հուսիկ Ղազարյանն ասում է. «Կամ թուղթ տան, գնանք էս երկրից, կամ էլ մեր հարցին լուծում տան, երեխաները մեծացել են, թոռները մեծացել են, ոչ մի լուծում չկա։ Փողոցում ենք մնում, աշխատանք չկա, գոնե որ լինի, կգնաս վարձով կմնաս»։ Եկմալյան 12 հասցեի նախկին բնակիչ Անահիտ Թումանյանը 2006 թվականին պապենական տունն է կորցրել։ Իրեն պատկանող տարածքում կառուցվող շենքում պետք է բնարական ստանար կառուցապատող Գագիկ Պապոյանից, բայց վերջինս հայտնվեց բանտում, իսկ ինքն ու հարևանները կանգնեցին կոտրած տաշտակի առաջ։ «Ամբողջը քանդվել ա, հողին ա հավասարեցվել, բայց մեզ ոչ մի կոմպենսացիա չի տրվել։ Չգիտենք ինչ անել հուսահատությունից, անզորությունից, ի՞նչ պետք է անեն մարդիկ, կրակե՞ն կամ իրենց վրա, կամ պաշտոնյաների»,- ասում է Անահիտ Թումանյանը։ Ինչպես Եկմալյան 4-ից 16, այնպես էլ մյուս հասցեների նախկին սեփականատերերը բազմիցս կառավարությանն են դիմել։ Պատասխանը բոլոր դեպքերում մեկն է՝ իրենք ոչինչ չեն կարող անել, քանի որ գործ ունեն մասնավոր կազմակերպության հետ։ Այսօր էլ գործադիրից որևէ մեկը քաղաքացիներին չմոտեցավ։