Նախագահն ուսանողների հետ խոսել է զարգացման, խաղաղության և «TRIPP»-ի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հանդիպել է ուսանողների հետ և հանդես եկել բանախոսությամբ՝ «Զարգացման հեռանկարներ, խաղաղություն, ապաշրջափակում և «TRIPP» նախագիծ» խորագրով։
Բանախոսության ընթացքում Հանրապետության նախագահը անդրադարձել է Հայաստանի զարգացման ռազմավարական առաջնահերթություններին, տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորությանը, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անհրաժեշտությանը, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։
Նա ներկայացրել է նաև «TRIPP» նախագծի նպատակներն ու հնարավորությունները՝ ընդգծելով դրա նշանակությունը տարածաշրջանային կապերի խորացման և տնտեսական զարգացման խթանման գործում։ Նախագահը կարևորել է նաև Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած այցը՝ այն գնահատելով որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման և տարածաշրջանային կայունության ապահովման կարևոր քայլ, որը նպաստում է ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը։
Նա ընդգծել է, որ կայուն և երկարաժամկետ զարգացումը հնարավոր է միայն խաղաղ, անվտանգ և կանխատեսելի միջավայրում։ Հանդիպման ավարտին տեղի է ունեցել հարցուպատասխան, որի ընթացքում ուսանողները հնարավորություն են ունեցել իրենց հետաքրքրող հարցերը ուղղել նախագահին։ Այնուհետև նախագահը շրջել է համալսարանի տարածքում, զրուցել ուսանողների հետ և ծանոթացել իրականացվող աշխատանքներին։