ՄԵԾ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Աջակցիր «Ա1+»-ինԿարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու մայրուղին իսկապես սկսում է կառուցվել «Ռեզոնանսի» թերթ /Վրաստան/
Մակա Խարազիշվիլի
Սկսվել է կառուցվել Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղին: Երեկ, չնայած հարեւան Հայաստանի հակազդեցության եւ բարեկամական Ամերիկայի չեզոքության, տեղի ունեցավ շրջանակային պայմանագրի պաշտոնական ձեւակերպումը: Մայրուղին կդառնա Ադրբեջանի եւ Կենտրոնական Ասիայի երկրների միջեւ կապի լավագույն հնարավորություններից մեկը:
Տնտեսական եւ կառուցվածքային բարեփոխումների պետնախարար Կախա Բենդուկիձեի պարզաբանմամբ, հարեւան երկրների միջեւ համաձայնություն է ձեռք բերվել նաեւ նախագծի իրականացման մանրամասների վերաբերյալ: Այսպիսով, բեռների փոխադրման նոր հնարավորություն է ստեղծվել Արեւմուտք-Արեւելք երթուղով, որը կապում է Եվրոպան Ռուսաստանի եւ Ասիայի հետ՝ Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքներով:
Նախագիծը գնահատվում է 422 միլիոն դոլար, իսկ ենթակառույցի ծախսերով հանդերձ, այդ ցուցանիշը կհասնի 600 մլն դոլարի: Դրանից 200 մլն դոլարը բաժին է ընկնում Ախալքալաքից՝ Կարսի ուղղությամբ մինչեւ թուրքական սահման ընկած ճյուղի շինարարությանը եւ Ախալքալաք-Թբիլիսի ճյուղի վերականգնմանը: Այդ նույն գումարի մեջ է մտնում Ախալքալաքում պահեստամասերի համար պահեստի կառուցումը: Երկաթուղով տարեկան հնարավոր կլինի տեղափոխել մինչեւ 15 մլն տոննա բեռ:
Շինարարության մասնակիցներն անտեսեցին նախագծին միանալու Հայաստանի փորձերը: Այդ պատճառով էլ հայերը որոշել են ձախողել այդ նախագիծը եւ նույնիսկ ամերիկյան սենատում ակտիվացրել են իրենց լոբբիստներին: Նախագծի դեմ է հանդես եկել նույնիսկ պետքարտուղարի խորհրդական Մեթյու Բրայզան, որը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի կարող օժանդակել տարածաշրջանային բոլոր նախագծերին: «Մենք աջակցել ենք Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շինարարության նախագծին, բայց չենք կարող աջակցել Հարավային Կովկասում բոլոր նախագծերի իրականացմանը»,- ընդգծել է Բրայզան եւ պարզաբանել, որ ԱՄՆ-ը չի դիմակայում, բայց չի էլ սատարում երկաթուղու կառուցման նախագծին:
«Ջավախք» քաղաքական շարժումը Սամցխե-Ջավախեթիում բողոքի ակցիա է կազմակերպել երկաթուղու կառուցման դեմ, բայց «Ջավախքի» առաջնորդները դրա հետ մեկտեղ խոստովանել են, որ նախագծի իրականացումը դրականորեն կանդրադառնա տարածաշրջանի տնտեսական զարգացման վրա: Շարժման նախագահ Շիրակ Թորոսյանի խոսքերով, տնտեսական տեսակետից նախագիծը ձեռնտու է տարածաշրջանում ապրող հայերի համար, չնայած այն չի համապատասխանում Հայաստանի շահերին: «Ջավախեթիի հայերը ցանկանում են Հայաստանը տեսնել ուժեղ եւ հզոր»,- ընդգծեց Թորոսյանը: Հայաստանի կառավարությունը նախագծի մասնակիցներին առաջարկել է երկաթուղու այլընտրանքային տարբերակ՝ Կարս-Գյումրի-Թբիլիսի-Բաքու: Կառավարության ներկայացուցիչների խոսքերով, այդ դեպքում լրացուցիչ ներդրումներ պետք չեն:
Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը համարում է, որ Հայաստանը նախագծի իրականացմանը խանգարելու ռեալ ուժեր ունի: «Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու կառուցումը մաքուր քաղաքական քայլ է եւ տնտեսության հետ ոչ մի կապ չունի: Նախագիծը միտված է Հայաստանի շրջափակումն ավելի խստացնելուն: Այն դժվար իրագործելիների շարքից է. երկաթուղու առանձին հատվածների տեղանքը բարդ ռելիեֆ ունի եւ դրանց շինարարությունը շատ աշխատատար է: Անհասկանալի է նաեւ նախագծի ֆինանսավորումը, հատկապես դրան չմասնակցելու՝ ԱՄՆ-ի որոշումից հետո: Կարծում եմ, առաջադրված խնդրի վրա պետք է աշխատի մեր դիվանագիտական ողջ կորպուսը»,- հայտարարեց Հովհաննիսյանը:
Երկաթուղու կառուցման հարցում հայկական ղեկավարության ագրեսիվ տրամադրվածությունը փորձագետները լիովին կանխատեսելի են համարում, քանի որ Հայաստանը դուրս է մնացել տարածաշրջանային բոլոր կարեւոր նախագծերից: Իսկ դա հանգեցրել է լրիվ մեկուսացման:
Տնտեսության զարգացման նախարար Գեորգի Արվելաձեի խոսքերով Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցումը կնպաստի Վրաստանի սոցիալ-տնտեսական վերելքին՝ հատկապես Սամցխե-Ջավախեթիի: «Սա շատ մեծ եւ կարեւոր նախագիծ է, որը կօգնի տարածաշրջանի ենթակառույցների եւ հաղորդակցությունների վերականգնմանը, կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը եւ Վրաստանի ընդհանուր տնտեսական կյանքին տարածաշրջանի ինտեգրմանը, ինչը համապատասխանում է տեղի բնակչության շահերին»,- ընդգծեց նախարարը:
Փորձագետների կարծիքով, շատ կարեւոր է եւ այն, որ Բոսֆորի եւ Դարդանելի միջով նավթամթերքների արտանետումը Միջերկրական ծով, կիրականացվի նաեւ Վրաստանի մասնակցությամբ: Այս նախագիծը շատ ձեռնտու է նաեւ Թուրքիային, որը կսկսի բեռներ եւ ապրանքներ ստանալ Ադրբեջանից եւ Կենտրոնական Ասիայից առավել էժան երթուղով:
Վերջնական արդյունքում Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղուն կմիանան Ղազախստանը եւ Չինաստանը: Այդ երկրների ներկայացուցիչներն արդեն ցանկություն են հայտնել միանալու երկաթուղուն, երբ որ դրա շինարարությունը կավարտվի: Այդ նոր երկաթուղով հնարավոր կլինի ճանապարհորդել Կարսից Ղազախստան, Շանհայ եւ Հոնկոնգ: Ավելին, այդ երթուղով առանց կանգառի Չինաստան կարող են ուղեւորվել «Մարմարա» նախագծի գնացքները, որոնք Անգլիայից մեկնում են Թուրքիա:
Գյուլը հանդիպել է նաեւ Ներկայացուցիչների պալատի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ, Ժողովրդավարական կուսակցության անդամ Թոմ Լենտոսի եւ հանձնաժողովի որոշ անդամների հետ: Հանդիպման էին եկել հանձնաժողովի 48 անդամներից 9-ը: Հանձնաժողովն առաջին ատյանն է լինելու, որտեղ քննարկվելու է բանաձեւը եւ տեղի է ունենալու քվեարկությունը, ենթադրաբար, մարտ ամսին: Հանձնաժողովի հավանությունը ստանալով, բանաձեւը կներկայացվի Պալատին: Թուրքիայի կառավարությունը բազմիցս նախազգուշացրել է, որ ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի վարչակազմի կամ Կոնգրեսի կողմից, կհանգեցնի երկու երկրների միջեւ հարաբերությունների վերանայմանը:
www.mediadialogue.org