Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞վ է կանգնելու երաշխավոր կարգավիճակի դիմաց տարածքների համար (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
anush

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Ադրբեջանի վերջին հայտարարություններին, թուրք-ադրբեջանական զորավարժություններին Նախիջևանի տարածքում, խորհրադարանականների այցին Արցախ, նշեց. «Ոչ Ադրբեջանի բարձրագոչ հայտարարություններն են նորություն, որ թուրք-ադրբեջանական զորավարժությունները: Թուրքական զենք Ադրբեջանում առկա էր դեռ Արցախյան պատերազմի ժամանակ: Նույնիսկ մեր ներքին խնդիրների սպեկտրը նկատի ունենալով՝ Հայաստանին շատ դժվար է բանակցություններ վարել պատասխանատվության զգացում չունեցող երկրի հետ: Հաշվի առնելով ապրիլյան պատերազմը` նաեւ չեմ բացառում, որ կարող են սկսվել ավելի ծանր մարտականական գործողություններ, որոնք, սակայն, պատերազմի վերաճելու միտում չեն ունենալու»: Նա նաեւ ավելացրեց, որ ԼՂ հակամարտությամբ զբաղվող միջնորդ կառույցները խնդրի լրջությունը պատշաճ մակարդակով չեն ընկալում: Անդրադառնալով Մադրիդյան սկզբունքներին` տիկին Խառատյանը նշեց. «Հայկական կողմը պատշաճ չի ներկայացրել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ իր փաստարկներն ու տեսլականը: Անձամբ ես գտնում եմ, որ սա մեզ համար շատ վատ փաստաթուղթ է: Ավելի վատ փաստաթուղթ է Կազանյան փաստաթուղթը: Երկուսն էլ, ըստ էության, ենթադրում են փուլային կարգավորում։ Հրանուշ Խառատյանը նաև անդրադարձավ քրդական անկախ պետության ստեղծման թեմային՝ նկատելով, որ այն տագնապի մեջ է պահում Թուրքիային. «Տարիների գաղափարը կարծես իրականություն է դառնում»:  Քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանն իր հերթին նշեց՝ եթե Հայաստանն իսկապես հետամուտ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, ապա պետք է կարողանա ավելի ակտիվ աշխատել եվրոպական կառույցների ու ԶԼՄ-ների հետ. «Ղարաբաղյան հակամարտությունը երբեք չպետք է նույնականացվի աշխարհում գոյություն ունեցող և ոչ մի հակամարտության հետ: Շատ է խոսվում տարածքների մասին` կարգավիճակի դիմաց։ Ես նախկինում կողմ էի այդ մոտեցմանը, սակայն ապրիլյան պատերազմից հետո հասկացա` 800 հա հող տալ թշնամուն, նշանակում է երկու-երեք սմ ավելի թռչող փամփուշտ։ Ըստ այդմ` ոչ մի փոխզիջման այլեւս կողմ չեմ։ Ո՞վ է կանգնելու երաշխավոր կարգավիճակի դիմաց տարածքների համար։ Ռուսաստա՞նը: Աշխարհում ո՞ւմ համար է նա երաշխիք կանգնել ու այնտեղ պատերազմ չի եղել։ Չկա նման երկիր։ Հակամարտության կարգավորման բոլոր փաստաթղթերը պետք է դնել մի կողմ, քանի դեռ դրանք կետ առ կետ բացահայտված չեն լինի։ Եվ, ընդհանրապես, ուր է նայում մեր դիվանագիտությունը»։