A
A
Եվրախորհրդարանում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը
Աջակցիր «Ա1+»-ինՆոյեմբերի 10-ին Եվրախորհրդարանում՝ ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության և Արտաքին հարցերով հանձնաժողովում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Միրիամ Լեքսմանի գրասենյակի համատեղ նախաձեռնությամբ, առաջին անգամ անցկացվեց Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ԵԽ պատգամավոր Մ․ Լեքսմանը՝ իր ելույթում առանձնահատուկ ընդգծելով ՀՀ-ԵՄ հետզհետե խորացող գործընկերության նշանակությունը և Եվրախորհրդարանի աճող հետաքրքրությունը Հայաստանին առնչվող հարցերի նկատմամբ։ Նա շեշտեց, որ վերջին տարիներին Հայաստանին աջակցությունը դարձել է Եվրախորհրդարանի օրակարգի առաջնահերթություններից։
ՀՀ դեսպան Տ․ Բալայանը երախտագիտություն հայտնեց պատգամավորներին՝ Հայաստանին ցուցաբերվող մշտական աջակցության, կնճռոտ խնդիրները հասցեագրելու և ցուցաբերած հետևողականության համար։ Դեսպանը շեշտադրեց երկկողմ հարաբերությունների հագեցած օրակարգի, բարձրաստիճան փոխայցերի և ժողովրդավարական արժեքների պաշտպանության առանցքային դերը։
Անդրադառնալով համատեղ ձեռքբերումներին՝ Տ․ Բալայանը բարձր գնահատեց ԵԽ պատգամավորների գրասենյակների արդյունավետ աշխատանքը, որի շնորհիվ կայացվում են Հայաստանի համար շոշափելի փոփոխություններ ապահովող որոշումներ։ Որպես վառ օրինակ՝ Տ․ Բալայանը մատնանշեց ԵԽ-ի կողմից պարզեցված ընթացակարգով վերջերս ընդունված՝ ՀՀ-ին ինքնավար առևտրային արտոնություններ տրամադրելու որոշումը։
Այնուհետև դեսպան Բալայանը համապարփակ ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքական գերակայությունները՝ այդ համատեքստում առանձնացնելով ԵՄ-ի դերակատարումն ու հանձնառությունները, որոնք շարժիչ ուժ են հանդիսանում ոլորտային համագործակցության խորացման, ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործընթացում։
Երեկոն առանձնահատուկ էր նրանով, որ մեկ հարկի տակ էր համախմբել Եվրախորհրդարանի բոլոր խմբակցությունների հեղինակավոր պատգամավորներին՝ միջոցառմանը հաղորդելով առավել ջերմ ու անմիջական մթնոլորտ։