ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՇՎԱՐԿԸ ՍԽԱԼ Է ԵՂԵԼ
Աջակցիր «Ա1+»-ին2006-ի սկզբում կանխատեսվում էր, որ Հայաստան կայցելի շուրջ 400 հազար զբոսաշրջիկ: Այդ թիվը պարբերաբար բարձրաձայնում էր նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Կառավարությանը ներկայացրած նախարարությունների հաշվետվությունների արդյունքում, սակայն, ակնհայտ դարձավ, որ կանխատեսումները եւ ակնկալիքները չիրականացան: 2006թ. Հայաստան է այցելել 380 հազար զբոսաշրջիկ:
Առաջին հայացքից թիվն այնքան էլ պակաս չէ նախապես ծրագրավորվածից: Բայց տվյալ դեպքում էլ հարց է առաջանում, թե ինչպե՞ս են իրականացվել հաշվարկները: 2006 թվականի նոյեմբերի 22-ին Առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Արա Պետրոսյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ 2006թ հունվար-սեպտեմբերին, այսինքն` 9 ամիսների ընթացքում, Հայաստան է այցելել 272 հազար զբոսաշրջիկ: Դա նշանակում է, տարվա վերջին 3 ամիսների ընթացքում զբոսաշրջիկների մոտ առանձնակի ցանկություն է առաջացել այցելել Հայաստան: Ուստի հոկտեմբերին, նոյեմբերին եւ դեկտեմբերին, երբ Հայաստանում ոչ մի տոն չի նշվել, ոչ մի հատուկ միջոցառումներ չեն իրականացվել,Հայաստան է այցելել ավելի քան 108 հազար զբոսաշրջիկ:
Ի դեպ, զբոսաշրջիկը 5-6 օրվա ընթացքում Հայաստանում ծախսում է միջինը 1000 դոլար: Ծախսային առումով այս թվերն առավել հետաքրքիր են Հայաստանի հարեւան` Թուրքիայի զբոսաշրջության ոլորտի համեմատությամբ: Թեեւ ոլորտի մասնագետները նշում են, որ Հայաստանի զբոսաշրջությունը Թուրքիայի հետ համեմատելը սխալ է, քանի որ Թուրքիայի ծովի հետ հայկական տուրիզմը չի կարող մրցակցել, այնուամենայնիվ, ակնհայտ է. Հայաստանի ռազմավարությունն այդ ոլորտում սխալ է ընտրված: Վերջին 6 տարիների ընթացքում Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թիվը կրկնապատկվել է` հասնելով 21 124 886-ի: Տվյալ դեպքում կարեւորագույն գործոնը ոչ միայն ծովի առկայությունն է, այլ զբոսաշրջիկի այցի մատչելիությունը: Ինչ-ինչ խնդիրների պատճառով Հայաստան այցելող զբոսաշրջիկի համար ավիատոմսերը չափազանց թանկ են: Այս դեպքում Թուրքիայի ռազմավարությունն այլ է: Եվրոպական երկրներից Թուրքիա ճամփորդելու օդանավի տոմսի գինը վերադարձով հաճախ 100 եվրոյից պակաս է: Թուրքիան օժանդակում է թուրքական ավիաընկերություններին` տոմսերի գինը ցածր պահելու համար, որպեսզի մեծացնի երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը:
Ի դեպ, եթե Հայաստան հիմնականում զբոսաշրջիկներ գալիս են ԱՄՆ-ից, Ռուսաստանից, ԱՊՀ երկրներից, ապա Թուրքիա այցելողների առումով գերակշռում են եվրոպացի զբոսաշրջիկները: Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների առավել մեծ թվով աչքի են ընկնում Գերմանիան, Ռուսաստանը, Անգլիան, Բուլղարիան, Հոլանդիան: