Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՈՒՏԻՆԸ ՓՈՐՁԵԼՈՒ Է ՏՆՏԵՍԱՊԵՍ ԳՐԱՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Տնտեսություն

Այս տարվա ընթացքում Ռուսաստանը Հայաստանում փորձելու է անել այն, ինչ անում են ԵՄ անդամ-պետությունները միասին վերցրած: Այսինքն` փորձելու է գրավել ներդրումային դաշտի «պատվավոր առաջին տեղը», ինչպես նշեցին Պուտինն ու Քոչարյանն իրենց վերջին հանդիպման ժամանակ:

Իսկ Ռուսաստանը ներդրումների առումով ներկայումս զբաղեցնում է, Պուտինի խոսքերով «ամոթալի երկրորդ տեղը», քանի որ առաջին տեղը զբաղեցնող ԵՄ անդամ-պետությունների ներդրումները Հայաստանում հաշվվում են ընդհանուր, ոչ թե առանձին-առանձին: Միչեւ 2006 թվականի հոկտեմբերի 1-ը ԵՄ անդամ-պետությունների ակումուլյատիվ ներդրումները (բոլոր տարիների ներդրումների մասին է խոսքը-խմբ.) Հայաստանում կազմել են 1 միլիարդ 27 միլիոն դոլար: Նույն ներդրումը Ռուսաստանի դեպքում կազմել է 495,7 միլիոն դոլար: Ամեն դեպքում Ռուսաստանը չի կարող մրցել 25 պետությունների հետ ներդրումների ծավալով, ասում են տնտեսագետ-վերլուծաբանները:

Պուտին-Քոչարյան զույգի տնտեսական ծրագրերը` Ռուսաստանին առաջին տեղ բերելու առումով, սակայն, որոշակի հեռանկար ունեն: ԵՄ անդամ-պետությունների կազմում ներդրումների ծավալով առաջին տեղը զբաղեցնում է Հունաստանը, որի ակումուլյատիվ ներդրումը հասնում է 478,8 միլիոն դոլարի: Որպես առանձին պետություն, այս պարագայում Հունաստանն արդեն զիջում է Ռուսաստանին: Ի դեպ, տվյալ դեպքում հաշվի է առնվել նաեւ «ԱրմենՏել» ՀՁ-ում հունական OTE ընկերության ներդրումը: Միայն այդ մեկ բաղադրիչով Հունաստանը կարողանում էր մրցել Ռուսաստանի հետ: Նկատի ունենալով, որ հույների ամենամեծ ներդրումը պարունակող «ԱրմենՏել»-ն արդեն անցել է ռուսներին, ապա ակնկալվում է, որ այդ ձեռնարկության հաշվին որոշակի առումով կաճի ՌԴ-ի Հայաստանում ներդրումների տեսակարար կշիռը: Հիշեցնենք, որ Ռուսաստանը պատրաստվում է ներդրումներ անել Հայաստանի տրանսպորտի եւ արդյունաբերության ոլորտներում:

Ի դեպ, անցյալ տարվա պաշտոնական տվյալներով, չի գրանցվել ոչ մի դեպք, որ Հայաստանում որեւէ ընկերություն բոլորովին նոր` «զրոյից» ներդրում անի: Բոլոր ներդրումները 2006-ին արել են արդեն գործող, փոքր եւ միջին կազմակերպությունները: Այս փաստն, ըստ էության, վկայում է այն մասին, որ 2006-ին Հայաստանի ներդրումային դաշտը, մեղմ ասած, գրավիչ չէր օտարերկրյա ներդրողների համար: Սակայն, ներդրումների ծավալը դրանից չի տուժել: 2005թ. 9 ամիսների համեմատությամբ, 2006թ. նույն ժամանակամիջոցում օտարերկրյա ներդրումների ծավալն աճել է 31.8 տոկոսով, արտաքին ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 3 մլրդ 198.3 մլն ԱՄՆ դոլար, աճի տեմպը՝ 115.2 տոկոս:

Ինչ վերաբերում է ներդրումների առումով Հայաստանում առաջին տեղը զբաղեցնող ԵՄ անդամ-պետությունների հետաքրքրություններին, ապա նրանց համար ներդրումային ամենախոշոր ոլորտներն են կապի ոլորտը, հանքարդունաբորությունը, շինարարությունը: Հայաստանի գերակա ճյուղ համարվող ինֆորմացիոն տեխնոլոգիաները եւ ակնագործությունը, մասնավորապես` ադամանդագործությունը, համեմատական առումով ավելի քիչ են հետաքրքրում ԵՄ անդամ-պետություններին: