Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՎՈՍՈՒՄ Է ՌՈՒՍԱԿԱՆ «ՎԻՄՊԵԼԿՈՄ»-ի ՏԵՍՔՈՎ

Տնտեսություն

«Վիմպելկոմ-Կոմունիկացիաներ» ընկերությունը հայտարարել է, որ պայմանագիր է կնքել «Համաշխարհային տնտեսական ֆորում» (ՀՏՖ) ոչ առեւտրային ֆոնդի հետ ռազմավարական գործընկերության մասին: Միջազգային ասպարեզում «Վիմպելկոմ»-ի հաջողությունների մասին հաղորդում է «ԱրմենՏել» ընկերությունը, քանի որ վերջինիս բաժնետոմսերն արդեն պատկանում են «Վիմպելկոմ»-ին: Հենց այդ տեսանկյունից էլ Հայաստանին պետք է հետաքրքրի ռուսաստանյան ընկերության գործունեությունը:

«ՀՏՖ ռազմավարական գործընկերները «Վիմպելկոմի» հետ միասին պատկանում են համաշխարհային խոշորագույն կորպորացիաների շարքին, որոնք առաջատար դեր են խաղում ֆորումի գործունեության մեջ: Նրանք ակտիվ մասնակցություն ունեն ֆորումի բոլոր միջոցառումներին` գլոբալ, տարածքային եւ բնագավառային մակարդակի վրա: ՀՏՖ-ի ընդհանուր նպատակներին հասնելու համար նրանք օգտագործում են իրենց ռեսուրսները եւ մասնագիտական հնարավորությունները»,- տեղեկացնում են «ԱրմենՏել»-ից:

Մեկնաբանելով կնքված պայմանագիրը` «Վիմպելկոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Իզոսիմովը նշել է. «Ընկերության` ռազմավարական գործընկերոջ կարգավիճակի ձեռք բերումը եւս մեկ անգամ վկայում է Ռուսաստանի հեղինակության եւ ռուսական բիզնեսի ամրապնդման մասին` համաշխարհային գործարար եւ քաղաքական շրջանակներում: Ես ուրախ եմ, որ «Վիմպելկոմ» ընկերությունը կարողացավ միանալ միջազգային հանրության առավել ազդեցիկ բիզնես կառույցների շարքին: Հուսով եմ, որ որպես ՀՏՖ գործընկեր, մեր ընկերությունը կկարողանա արժանապատվորեն ներկայացնել ռուսական առաջատար բիզնեսի շահերը միջազգային ասպարեզում»:

«Վիմպելկոմ» ընկերությունների խմբի մեջ են մտնում բջջային կապի մի շարք օպերատորներ, որոնք մատուցում են իրենց ծառայությունները Ռուսաստանում, Ղազախստանում, ինչպես նաեւ վերջերս ձեռք բերված բջջային կապի օպերատորներ Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում եւ Հայսատանում: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի բջջային կապի ծառայություններ մատուցելու արտոնագրերը ընդգրկում են տարածքներ, որտեղ բնակվում է մոտ 240 միլիոն մարդ: Ցանցի աշխարհագրական ծածկույթը ընդգրկում է Ռուսաստանի 78 շրջաններ (136,5 միլիոն մարդ` Ռուսաստանի բնակչության 94%) ինչպես նաեւ Ղազախստանի, Ուկրաինայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Վրաստանի եւ Հայսատանի ամբողջ տարածքը: «Վիմպելկոմ» ԲԲԸ առաջին ռուսական ընկերությունն էր, որը գրանցվեց Նյու-Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Իսկ ընկերության բաժնետոմսերը ներառված են Նյու-Յորքի արժեթղթերի շուկայի VIP ցուցակում: