Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՃԱՏԵԼՈՎ` ԿՈՒՆԵՆԱ՞ՆՔ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Տնտեսություն

Այսօրվանից մինչեւ հունվարի 26-ը բոլոր նախարարությունները կառավարությանը պետք է ներկայացնեն 2006 թվականին իրենց կատարած աշխատանքի հաշվետվությունը: Տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարարությունում խիստ զբաղված են, քանի որ Կարեն Ճշմարիտյանի հերթը՝ «ծանրաձողին մոտենալու» համար հունվարի 26-ն է:

Նախարարությունից այս պահին դժվարանում են գնահատել 2006 թվականը եւ համեմատել նախորդ տարվա հետ: Սակայն, 2006-ի գնահատականները առանձին-առանձին տվել են տարբեր ձեռնարկություններ: Օրինակ, «Մաքուր Երկաթ» գործարանը նախորդ տարի՝ աշխարհում մեծ պահանջարկ եւ թանկ գին ունեցող ֆերոմոլիբդենի արտադրությունը կրճատել է շուրջ 12,4%-ով, «Armenian Cooper Programme» ձեռնարկությունը սեւ պղնձի արտադրությունը կրճատել է շուրջ 10,8%-ով: Իսկ ադամանդագործությունը, որը տարիներ առաջ հռչակվել էր տնտեսության գերակա ճյուղ, 2006-ին կրճատվել է շուրջ 22%-ով:

Թե ինչպես է զարգանում Հայաստանի տնտեսությունը, պարզ է դառնում նաեւ Վիճակագրության ծառայության տվյալներից: Օրինակ, եթե 2001 թվականին արդյունա-արտադրական ոլորտում զբաղված է եղել 109.1 հազար մարդ, ապա 2005 թ-ին այդ թիվը կրճատվել է եւ կազմել 73.8 հազար մարդ: Վիճակագրական ծառայությունը նույնպես դեռեւս չունի 2006 թվականի ամփոփիչ տվյալները, սակայն եթե հաշվի առնենք, որ նախորդ տարին աչքի չի ընկել կտրված «կարմիր ժապավեններով», ապա արդյունաբերության ոլորտում աշխատատեղերի կտրուկ ավելացում նույնպես չի ակնկալվում:

Սակայն իրականում ինչպիսին կլինի հաշվոտվությունը, դժվար է կանխատեսել, քանի որ տվյալ դեպքում պետք է հաշվի առնվի նաեւ նախընտրական տարվա կարեւորագույն գործոնը: