ՇՐՋԻԿ ԿՈՎԵՐ ՄԱՐՏԱԿԵՐՏՑԻՆԵՐԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինՄարտակերտի շրջանի գյուղական ընտանիքները շուտով կապահովվեն անասուններով, ընդ որում, պարբերաբար դրանք կտեղափոխվեն մի ընտանիքից մյուսին:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը ԼՂՀ Մարտակերտի շրջանի տարածքային զարգացման ծրագրի շրջանակներում շարունակում է աշխատանքներ իրականացնել գյուղատնտեսության բնագավառում: Մարտակերտի շրջան գյուղտեխնիկա տեղափոխելուց եւ գյուղացիներին հատկացնելուց զատ՝ Հիմնադրամը իրագործում է գյուղատնտեսության բնագավառին առնչվող մի նոր ծրագիր եւս:
Ծրագրի շրջանակներում գյուղաբնակ ընտանիքներին հատկացվում է 1-ական ծննդկան կով, որը, համաձայն այդ ընտանիքների հետ կնքված պայմանագրի, երեք տարի հետո փոխանցվում է մեկ այլ ընտանիքի: Այդպիսով, շրջանի գյուղական ընտանիքները հաջորդաբար ապահովվում են անասուններով եւ հնարավորություն ունենում հոգալ իրենց կենսական կարիքները: Ծրագրի իրագործման համար ընտրված գյուղերի թվում են Մոխրաթաղը (13 ընտանիք), Թալիշը (22 ընտանիք), Ճանկաթաղը (14 ընտանիք) եւ Վարդաձորը (8 ընտանիք):
Ընդհանուր առմամբ՝ ծրագրում ընդգրկվել է 57 ընտանիք, որոնք ընտրվել են ԼՂՀ գյուղնախարարության, շրջանային ղեկավարության ու գյուղական իշխանությունների, ինչպես նաեւ՝ Հիմնադրամի ու Heifer International-ի ներկայացուցիչների գնահատման արդյունքում: Վերջիններս, ընտրությունը կատարելիս, նախապատվությունը տվել են այն ընտանիքներին, որոնք հնարավորություն ունեն պահել ու սնել իրենց տնօրինմանը հանձնված կենդանուն: Անասունները գտնվում են նաեւ ծրագիրն իրագործողների ու տեղի անասնաբույժի հսկողության ներքո: