«ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ, ՖԻՆԱՆՍՆԵՐԻ, ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐԱՐՆԵՐԸ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԻՑ ՈՉԻՆՉ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ»
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում, որքան բարձրանում է տնտեսական աճի տեմպերը, այնքան էլ բարձրանում են աղքատության ցուցանիշները: Սա մասանագիտական գնահատական է, որի հեղինակն է տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը: «Ուրբաթ» ակումբում այսօր նա եւ ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը փորձեցին հիմնավորել, թե որքանով է իրականությանը համապատասխանում «Ժառանգություն» միջազգային հիմնադրամի հրապարակած Հայաստանի վերաբերյալ Տնտեսական ազատականացման ինդեքսի ցուցանիշները:
Մասնագիտական մոտեցման արդյունքում պարոն Մանասերյանը նաեւ պարզել է. «ՀՀ կառավարությունում որեւէ մեկը չի հասկանում, թե ուր է գլորվում ՀՀ տնտեսությունը: Տարբեր ոլորտներում մենք մեզ դնում ենք տկարամիտների տեղ: Օրիանակ՝ էներգետիկայի ոլորտում. ասում ենք՝ մենք չենք կարողանում կառավարել, եկեք, տանք Ձեզ»: Սա տնտեսագետի այսօրվա միակ մասնագիտական բացահայտումը չէր: Նա ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց.«ՀՀ-ի պաշտոնյանները գաղափար չունեն ՀՀ-ի տնտեսության մասին: Մենք չգիտենք, թե յուրաքանչյուր բնակավայր ինչ տնտեսական ռեսուրս ունի»:
Խոսրով Հարությունյանը հայտարարելով, որ բարեբախտաբար ինքը տնտեսագետ չէ ասաց. «Ես այն կարծիքին չեմ, որ կառավարության մեջ չկա որեւէ մեկը, որ հասկանա, թե երկրի տնտեսությունը ուր է գնում»: Ի պատասխան պարոն Հարությունյանի՝ Թաթուլ Մանասերյանը որոշեց ավելի հստակեցնել իր խոսքը.«Ես ասում եմ, որ վարչապետը ոչինչ չի հասկանում, Ֆինանասների, առեւտրի նախարարները չեն հասկանում»:
ՀՀ-Ի ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԻՆԴԵՔՍԸ ԲԼԵՖ Է
«Հայաստանում հիմնական աճ ապահովող գործոնը՝ շինարարութունն է: Այս տարի իսկապես լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել՝ արդյունաբերությունը անկում է ապրել, գյուտատնտեսությունը կազմել է զրո տոկոս ՀՆԱ-ի աճի մեջ, իսկ միակ աճ արձանագրած շինարարության ոլորտում մոտ 90 տոկոսը գտնվում է ստվերում: 80 միլիարդ շահույթը, որի 50 միլիարդը Երեւանից է չնչին մասով գանձվում»,- ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը եւ վստահեցրեց, որ պարտքով ապրող երկիրը որեւէ կերպ չէր կարող տեղ գտնել «Ժառանգություն» միջազգային հիմնադրամի հրապարակած Տնտեսական ազատականացման ինդեքսի ցուցակում ընդգրկված 161 երկրների ցանկի 32-րդ տեղում: Տնտեսագետը ներկայացրեց եւս մի քանի հիմնավորումներ, որոնք վկայում են, որ «Ժառանգություն» հիմնադրամի ներկայացրած Հայաստանի ինդեքսը չի համապատասխանում իրականությանը.«Մեր արտաքին առեւտրի շրջանառությունը 2,5 անգամ զիջում է ներմուծման ցուցանիշներին: Այսինքն՝ մեր արտահանումն ավելի մեծ թիվ է կազմում եւ մեծանում է մեր ռազմավարական գործընկերոջը՝ ՌԴ-ին ունեցած ՀՀ-ի արտաքին պարտքը: Այս պայմաններում մենք չենք կարող տվյալները համարել օբյեկտիվ»:
Ի տարբերություն Թաթուլ Մանասերյանի, ՀՔԴՄ նախագահ, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը չի կասկածում միջազգային հիմնադրամի հրապարակած Հայաստանին ինդեքսի իսկությանը: «Այդ ցուցանիշը չի խոսում այն մասին, որ Հայաստանը աշխարհի հզորների 32-րդ տեղում է: Դա ընդամենը նշանակում է, որ ՀՀ-ում տեղի են ունցել այնպիսի ինստիտուցիոնալ փոփոխություններ, որոնք երաշխիքներ են ստեղծում տնտեսական ազատություններն ապահովելու համար»,- իր տեսակետը հիմնավորեց պարոն Հարությունյանը: Նրա կարծիքով, ճիշտ հակառակը՝ զեկույցն իրականությունն է ներկայցրել. «Զեկույցից ակնհայտ է, որ մեր իրականության մեջ ամենից շատ վտանգված է քաղաքացու, իրավաբանական անձի սեփականության իրավունքը: Զեկույցը վկայում է, որ չնայած Հայաստանում ինստիտուցիոնալ փոփոխություններին՝ մեզանում կոռուպցիան եւ հովանավորչությունը դարձել է հանրային կյանքի, տնտեսության զարգացման հիմնական խոչընդոտը»:
Թաթուլ Մանասերյանի կարծիքով, Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը ստանում է ապատեղեկատվություն տնտեսության իրական վիճակի, ինչպես նաեւ տնտեսական հանցագործությունների մասին: «2001թ.ին անեկդոտային իրավիճակ ստեղծվեց, երբ ոմանք 44. հազար աշխատատեղերի ստեղծման մասին տեղեկանք հրապարակեցին: Այդ ժամանակ հրապարակեցին նաեւ 10-11 տոկոս տնտեսական աճ: Այսօր պաշտոնապես 13 տոկոս աճ են արձանագրել եւ 8 հազար աշխատատեղ: Այս տարի նվազագույնը 5 անգամ պակաս աշխատատեղ է ստեղծվել: Այսինքն, այս տարի տնտեսական աճը 5 անգամ ավելի պետք է լիներ՝ կազմեր մոտ 50 տոկոս»,- բացատրեց տնտեսագետը: Համադրելով իրականությունն ու հրապարակված տվյալները պարոն Մանասերյանը հայտարարեց. «ՀՀ նախագահը իրազեկված չէ:
ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Հանրապետության նախագահը, ինչպես նաեւ հանրությունը տեղյակ չեն «Ռոյալ- Արմենիայի» դեմ հարուցված շինծու գործին»,- գտնում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Նա վստահեցրեց, որ ծանոթացել Է քրեկան գործի 7 հատորներին եւ պատրաստ է համապատասխան տեղեկատվություն տրամադրել: «Հայաստանում ապատեղեկատվությունը հասնում է այն մակարդակի, որ մարդականց կարող են անհիմն ազատազրկել մի քանի տարով, ընդհուպ հասցնել ֆիզիկական ոչնչացման»,- ասաց նա եւ ավելացրեց, որ Ռոբերտ Քոչարյանը ապատեղեկացված է ոչ միայն տնտեսության խնդիրներին, այլեւ «Ռոյալ-Արմենիայի» գործին:
Թաթուլ Մանասերյանը վստահ է. «Տնտեսական հանցագործությունները պետք է որոնել ոչ միայն գործարար շրջանակներում, այլ հենց այն մարմիններում, որոնք հովանավորում են: Մաքսային պետական կոմիտեի ղեկավարությունն անմիջական մասնակացություն ունի տնտեսական հանցագործություններին, հովանավորում է դրանք եւ լուրջ խոչընդոտ է տնտեսության զարգացմանը»:
Պոպուլիստի կարգավիճակում չհայտնվելու համար պարոն Մանասերյանը օրինակներ բերեց. «Երբ բեռներ են բռնագրավում, դրանք չեն մաքսազերծվում, գործարարը տույժ ու տուգանք է մուծում, իսկ ամիսներ անց դատարանի որոշմամբ թույլ է տվում մաքսազերծել նույն բեռը: Մաքսային կոմիտեն այն մարմինն է, որը արհամարհում է դատարանի որոշումները եւ չի վերադարձնում գործարարի բեռը կամ վնասները: Տնտեսական հանցագործներին պետք է որոնել Մաքսային պետական կոմիտեի ղեկավար կազմում»: