«Գոռացել են, վախեցրել են իմ երեխային». լրագրողը՝ ոստիկանների այցի մասին (տեսանյութ)
Սիվիլնեթի լրագրող Արփի Մախսուդյանն առավոտյան 7։30 անկոչ հյուրեր է ունեցել. «Երբ որ դուրս եկա սենյակից, տեսա 4 հաղթանդամ տղամարդիկ մեր սենյակում են, ու սկեսրայրիս ու սկեսուրիս հետ լարված խոսակցություն են ունենում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է լրագրողը։ Անբարյացակամ տրամադրված անծանոթները եղել են ոստիկանության աշխատակիցներ։ Չցանկանալով` նրանք բացահայտել են այցի նպատակը։ Արփին պատմում է. «Բա մենք օպերատիվ ինֆորմացիա ունենք, որ ձեր տանը հանցագործ կա և եկել ենք խուզարկելու, հիմա պիտի խուզարկենք։ Ասացի՝ իսկ դուք դատարանից օրդեր ունե՞ք մեր տունը խուզարկելու, ասացին՝ ոչ, ասացի, որ դուք իրավունք չունեք խուզարկելու մեր տունը։ Ասաց՝ դուք մեզ մի ասեք ինչ անենք, էդքան իրավագիտակցություն չունեք»։ Ոստիկանները լրագրողի տանը փնտրում էին ծանր հանցագործի, ով, ըստ իրենց տվյալների, օգտվել է բնակարանում տեղադրված վայ-ֆայ կապից։ Տեղեկանալուց հետո, որ սխալ հասցեով են եկել, Շենգավիթի բաժնի ոստիկանները փորձել են լրագրողի սկեսրայրին բերման ենթարկել, բայց հանդիպել են դիմադրության։ «Շուռ եկավ ընկերոջը՝ բա ինչ անենք սրանց հետո, տանե՞նք, էն մյուսը մի քիչ մտածեց՝ բա չէ՝ գնանք։ Վեր կացան գնացին, ասելով՝ մենք հլը կպարզենք ձեր կապը էդ մարդու հետ, հլը կվերադառնանք, էդ ժամանակ դուք հաստատ կփոշմանեք»։ Լրագրողը չի շտապում ոստիկանների անակնկալ այցը կապել իր մասնագիտական գործունեության հետ։ Բայց և չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել։ Նա ոստիկանություն հայց կներկայացնի։ «Ոստիկանություն բացարձակապես ոչ իրավաչափ մեթոդներով է աշխատել, չի ներկայացել որպես ոստիկանություն, երբ խնդրել եմ, գոռացել են ինձ վրա, վախեցրել են իմ երեխային, փորձել են ահաբեկել իմ մեծահասակ սկեսրայրին և սկեսուրին, փորձել են սկեսրայրիս չգիտես ինչ մեղադրանքով տանել բաժին, և ամենակարևորը՝ հեռացել են առանց արձանագրություն կազմելու»,- նշում է Արփի Մախսուդյանը։ Ավելի ուշ ոստիկանությունը պարզաբանել է, թե բնակարանը խուզարկելու նպատակ չի եղել, այլ պարզապես կատարել են օպերատիվ հետախուզական աշխատանք։