Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մրցույթ՝ 5 տարիքային խմբով և 19 անվանակարգերով (տեսանյութ)

Մշակույթ
paraton

Ապրիլի 19-ից մայիսի 30-ը  Գյումրիում կանցկացվի  «Վերածնունդ» միջազգային 9–րդ մրցույթ–փառատոնը: Փառատոնին կմասնակցի 3000 անհատ կատարող և համույթներ՝ 35 երկրներից։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանը տեղեկացրեց, որ մրցույթն անցկացվելու է 5 տարիքային խմբով և 19 անվանակարգերով՝դաշնամուր, լարային գործիքներ, կամերային անսամբլ, փողային գործիքներ, ակադեմիական երգեցողություն և այլն։ «Փառատոնն այսօր աննախադեպ մեծացել է եւ տարածում է գտել ամբողջ աշխարհով: Մենք ունենք բազմաթիվ մասնակիցներ, այս տարի առանձնահատուկ է նաեւ ժյուրիի կազմը: Մոսկվայի կոնսերվատորիայից ունենք ժյուրիի անդամներ,  Աբուդաբիի եւ Վիեննայի  կոնսերվատորիաների ռեկտորներն են  լինելու»,- նշեց տիկին Ավդալյանը, որը նաեւ փառատոնի կազմակերպիչն է: Փառատոնային օրերին ժյուրիի անդամները եւ անվանի երաժիշտները Գյումրիում, Երևանում և այլ քաղաքներում հանդես կգան «Արվեստն ընդդեմ ահաբեկչության և պատերազմի» խորագրով բարեգործական համերգներով, վարպետության դասերով: Փառատոնի շրջանակում կանցկացվի «Մշակույթների երկխոսություն» խորագրով միջազգային 11-րդ գիտաժողովը՝ նվիրված կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի 20-ամյակին: «Գյումրիում նման փառատոն անցկացնելուց հետո երաժշտական դպրոց ընդունվողների թիվն ավելացել է, բարձրացել է նաև պարապմունքների որակը»,- հավաստիացնում է Կարինե Ավդալյանը: Իսկ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանն էլ նկատեց, որ այս փառատոնի միջոցով հնարավորություն է ստեղծվում իրենց հետագա կադրերին ճանաչելու. «Ամեն տարի փառատոնի մասնակիցներից շատերը դառնում են Կոնսերվատորիայի կադրերը։ Շնորհակալություն նաև այդ ուսուցիչներին, որոնք պատրաստում են այդ կադրերին, օրինակ՝ անցյալ տարի 2000–ից ավել մասնակից կար, որոնք այս պահին զբաղվում են դասական երաժշտությամբ։ Պարզ է, որ բոլորը չեն դառնա պրոֆեսորներ, սակայն քաղաքացու կրթման հետ կապված կարեւորագույն գործ է արվում»: