Բացել լրահոսը Փակել լրահոսը
2025-12-12-Imnemnimi-CE-FOM
A A
Պաշտոնական

Եվրոպայի խորհրդի լրագրողների անվտանգության հարթակը ահազանգել է Հայաստանում լրագրողների կալանավորման մասին և պահանջել պարզաբանումներ

Այսօր Եվրոպայի խորհրդի լրագրողների անվտանգության հարթակը ահազանգել է antifake.am-ի փոդքասթերներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի կալանավորման և լրատվականի գույքի առգրավման մասին՝ հղում կատարելով Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի (ՔԻՀԿ) հայտարարությանը։ Ահազանգն առաջին աստիճանի է (Level 1), ինչը նշանակում է մեդիայի ազատության նկատմամբ ամենակոպիտ միջամտության առկայություն։

Ահազանգում մասնավորպես նշվել է.

«2025թ. նոյեմբերի 13-ին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները ձերբակալել են «Antifake.am»–ի «Իմնեմնիմի» քաղաքական փոդքաստի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին, ինչպես նաև «Antifake.am»–ի լրագրող Դավիթ Ֆիդանյանին, ով հետագայում ազատ է արձակվել։ Ձերբակալություններն իրականացվել են դիմակավորված ԱԱԾ աշխատակիցների կողմից, որոնք նաև խուզարկել են փոդքաստավարների բնակարանները։

Միևնույն ժամանակ ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են իրականացրել «Antifake.am»–ի գրասենյակներում՝ առգրավելով տեխնիկական և լրագրողական սարքավորումներ, ներառյալ տեսախցիկներ, միկրոֆոններ, համակարգիչներ, շտատիվներ և տվյալների պահպանման կրիչներ։

Քրեական գործը վերաբերում է փոդքաստի նոյեմբերի 8-ի թողարկման ընթացքում արված արտահայտություններին։ Իշխանությունները դրանք որակել են որպես «խուլիգանություն, որը կատարվել է անձանց խմբի կողմից՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներ օգտագործելով։ Փոդքաստավարների և նրանց պաշտպանների գնահատմամբ՝ տվյալ արտահայտությունները քաղաքական մեկնաբանություններ են՝ ի պատասխան Ազգային ժողովի նախագահի կողմից նախկինում արված հրապարակային վիրավորանքների։ ԱԺ նախագահի պնդմամբ՝ թողարկումը նաև «սպառնալիքներ» է պարունակել։

Նոյեմբերի 14-ին դատարանը Սաղաթելյանի և Սամսոնյանի նկատմամբ երկու ամսվա նախաքննական կալանք է կիրառել։

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի (ՔԻՀԿ) գնահատմամբ՝ խուլիգանության մասին դրույթի կիրառմամբ փաստացի շրջանցվում է Հայաստանի՝ վիրավորանքի ապաքրեականացման քաղաքականությունը, և այն չի բավարարում խուլիգանության իրավական հատկանիշներին, մասնավորապես՝ «հասարակության նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունքի» պահանջին։ Կենտրոնը նաև նշում է, որ բոլոր լրագրողական սարքավորումների առգրավումը որևէ կերպ առնչվող չէ մեղադրանքներին և խոչընդոտում է «Antifake.am»–ի գործունեությունը։ Կազմակերպության կարծիքով՝ վարույթը քաղաքական շարժառիթով է պայմանավորված և հակասում է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածների։

Հետագա ակնկալվող քայլեր

Գործընկեր կազմակերպությունները կոչ են անում ՀՀ իշխանություններին՝

  • Մեկնաբանել խուլիգանության մեղադրանքներ կիրառելու և գործի ընթացքում ենթադրվող «սպառնալիքների» իրավական հիմքերը։
  • Վերանայել Սաղաթելյանի և Սամսոնյանի կալանքի իրավաչափությունն ու անհրաժեշտությունը՝ նպատակ ունենալով ապահովել նրանց ազատումը՝ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջներին համապատասխան։
  • Բացատրել «Antifake.am»–ի լրագրողական սարքավորումների առգրավման հիմքերը և ապահովել դրանց վերադարձը։
  • Տրամադրել տեղեկություններ քրեական վարույթի ընթացքի և կալանքի պայմանների վերաբերյալ»։

Ամբողջական հայտարարությանը կարող եք ծանոթյանալ այստեղ։