Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սահմանադրությամբ ամրապնդել բռնապետությունը․ 5 պետության օրինակ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
22.04.11-4677globus-1

Մինչ Եվրոպան ու քաղաքակիրթ աշխարհի մյուս մասնակիցներն ամրապնդում են ժողովրդավարությունը՝ անցնելով զարգացման ճանապարհով, լիովին հակառակ պրոցեսներն են կատարվում ասիականություն կրող պետություններում։ Եթե միջինասիական, մերձավորարևելյան տարածաշրջաններում ամեն ինչ անհույս է՝ հաստատված բռնատիրությունները ընկույզի ամրություն ունեն, այդ գորշ ճանապարհով են գնում նաև Եվրոպական քաղաքակրթության անմիջական հարևանները։ Եվ բոլոր դեպքերում գործող Սահմանադրությունը փոխելը սպասարկում է բռնապետերի իշխանության ամրապնդմանը։ Անցել են ժամանակները, երբ բռնապետը անժամկետ թագավոր էր կարգվում աշխարհի աչքի առաջ։ Բավարար էր, որ մեկ- երկու պետություն ճանաչեր, ու դու լեգիտիմ ղեկավար կլինեիր։ Այժմ մենատիրությանը որոշակի փաթեթավորում տրվում է՝ լեգիտիմության շղարշը պահպանելու համար։ Որևէ բռնապետ, ինչ ռեսուրսներ էլ որ ունենա, չի կարող իրեն թույլ տալ բացահայտորեն արյան վրա իշխել՝ արհամարհելով գերտերությունների նուրբ զգացմունքները։ Վաղ թե ուշ քաղաքակիրթ աշխարհն իր գնահատականը տալիս է սեփական ժողովրդին բացահայտ ստրուկ դարձնողին։ Բացառություն է թերևս Հյուսիսային Կորեան․․․։ Սկսենք Արևելքից։ ՂՐՂԶՍՏԱՆ։ Անցած տարեվերջին Ղրղզստանի քաղաքացիների մոտ 80 տոկոսն այո ասեց նախագահ Ալմազբեկ Աթամբաևի պաշտպանած նոր Սահմանադրությանը։ Կակաչների հեղափոխության միջոցով իշխանության եկածներին տապալած Աթամբաևը հանրաքվեով նոր երանգներ տվեց իր իշխանությանը։ Նոր Սահմանադրությամբ նախագահի որոշ լիազորություններ փոխանցվեցին խորհրդարանին, սակայն գումարելիների տեղափոխությունից վերջնարդյունքը մնաց նույնը։ 2011-ին նախագահ դարձած Աթամբաևը լիազորությունների ավարտից առաջ առիթ չունի  իշխանությունը պահելու հարցում։ Նոր գործառույթներ ունեցող  Խորհրդարանում նախագահը վճռորոշ ձայն ունի՝ ի դեմս Ղրղզստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության, որի նախագահը հենց Աթամբաևն է։ ԱԴՐԲԵՋԱՆ։ Սահմանադրությունը փոխեց ու միապետությունն ամրապնդեց նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ 2016-ին նախագահի լիազորություններն այդ երկրում մեծացվեցին։ Մայր օրենքի փոփոխությունը հաջողացնելուց հետո, Իլհամ Ալիևը ունեցավ երկու փոխնախագահ նշանակելու իրավունք, որոնցից մեկն, ինչպես վերջերս պարզ դարձավ, նրա կինն է՝ Մեհրիբան Ալիևան։ Ադրբեջանի ղեկավարությունը փաստացի զավթված է Ալիև ընտանիքի կողմից։ Ինչպես հատուկ էր միջնադարյան թագավորներին, Ալիև ընտանիքը անսահման հարստության տեր է դարձել։ Նավթային դոլարները հոսում են մեծապես ոչ թե պետական գանձարան, այլ հարստացնում են մի քանի ընտանիքների։ Իսկ այս մասին բարձրաձայնող ԶԼՄ-ները փակվում են՝ չթողնելով բռնապետության հիմքերի խարխլման անգամ զրոյական տոկոսի շանս։ Դեռևս 2009 թվականին փոփոխված Սահմանադրությամբ Ալիևն արդեն իսկ ամրագրեց ցմահ իշխելու իր իրավունքը։ Նախագահն այդ երկրում կարող է ընտրվել երկու անգամից ավելի։ 2003-ին դառնալով Ադրբեջանի նախագահ, նա նույնը կրկնեց նաև 2008-ին և 2013-ին։ Բռնապետ Իլհամ Ալիևն աթոռը կորցնելու մասին չի մտածի մինչև 2020 թվականը․ 2009-ին ընդունված Սահմանադրությամբ նախագահն ընտրվում է 7 տարով, ինչպես Ռուսաստանում։ ՌՈՒՍԱՍՏԱՆ։ Ավտորիտարիզմն իր դրսևորումներով ծաղկել է նաև ռյուրիկովիչների հայրենիքում։ Ռուսաստանում էլ խորը բռնապետություն է․ երիտասարդ ռուսները մեկ նախագահի անուն գիտեն՝ Վլադիմիր Պուտին։ Նա էր երկրի փաստացի ղեկավարն անգամ այն ժամանակ, երբ Դմիտրի Մեդվեդևը նախագահի լիազորություններ ստանձնեց։ ՀԱՅԱՍՏԱՆ։ Հետխորհրդային բարեկամների ճանապարհով գնաց մեկ այլ հետխորհրդային պետություն ևս՝ Հայաստանը։ 2008 թվականին մի բռնապետին փոխարինեց մյուսը։ Ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, ով քաղաքական հակառակորդներին հեռացնում էր նաև ֆիզիկապես, Սարգսյանը փափուկ մեթոդներ որդեգրեց։ Ճիշտ է՝ նախագահի աթոռին բարձրանալը նրան հեշտ չտրվեց։ 2008-ի մարտի 1-ի զոհերի արյունը նրա ու իր նախորդի ձեռքերին մինչ օրս չի չորացել։ 10 տարի լինելով Հայաստանի ղեկին՝ Սերժ Սարգսյանը չկատարեց իր որևէ խոստում՝ Հայաստան-Իրան երկաթուղի, նոր Ատոմակայան, չարտագաղթող Հայաստան և այլն։ Տապալելով Հայաստանի զարգացման հույսերը, Սարգսյանը կանխազգաց այն պարտությունը, որ ունենալու էր 2017-ին։ Դրա համար Հայաստանը տարավ բռնապետերի կողմից նախընտրելի ուղիով՝ փոխեց Սահմանադրությունը՝ խորհրդարանին լայն լիազորություններ տալով, և փաստացի վերացնելով նախագահի իրավունքների կարևորագույն մասը։ 2013-ի նախագահական ընտրությունները ցույց տվեցին՝ ինքը տանուլ է տալիս անձերի պայքարում, իսկ կուսակցական մրցույթում դիրքերն անհամեմատ ուժեղ են։ Սարգսյանը ժամանակի ընթացքում ուղղակիորեն ոչնչացրեց իր երբեմնի հզոր հակառակորդներին՝ ՀԱԿ, Ժառանգություն․․․ Եվ կարողացավ անել այնպես, որ ապրիլի 2-ին խորհրդարան չմտավ և ոչ մի ընդդիմադիր ուժ։ Անկախ նրանից, թե 2018-ին լիազորությունների ավարտից հետո նա ինչպես կդիրքավորվի քաղաքական դաշտում, փաստ է, որ բռնապետությունը Հայաստանում ևս հինգ տարով երկարաձգված է։ ԹՈՒՐՔԻԱ։ Իր արևելյան հարևաններից հետ չի մնում նաև Թուրքիան։ Չնայած այդ երկրի արևմտյան հատվածն աշխարհագրորեն Եվրոպայի մաս է, սակայն երկիրը զարգանում է լիովին ասիական բարքերով։ Այսօր Թուրքիայում նոր Սահմանադրության նախագիծն է դրվել քվեարկության։ Այն անցկացվում է ընդդիմադիր հարյուրավոր լրագրողների անազատության պայմաններում։ Իսկ հանրաքվեի նախնական արդյունքները հայտնելու իրավունք տրված է միայն մեկ՝ պետական Անադոլու գործակալությանը։ Ավտորիտարիզմ է անգամ լրատվական ոլորտում։ Նախնական տվյալները հուշում են՝ Էրդողանը վերստին կկարողանա ավարտին հասցնել իր իսկ լիազորությունների շրջանակը լայնացնելու պրոցեսը։ Դեռևս գործող Խորհրդարանական կառավարման ձևից Թուրքիան անցում է կատարում նախագահական կառավարման։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իրավունք է ստանում նշանակել փոխնախագահին, նախարարների, Դատավորների եւ դատախազների կոլեգիայի անդամներին: Սահմանադրական փոփոխությունների ընդունման դեպքում նախագահի եւ պատգամավորների ընտրությունները կանցկացվեն 2019 թվականի նոյեմբերին: Բռնապետ նախագահի իշխանության վերջն այստեղ էլ չի երևում։ Վերոհիշյալ բոլոր պետություններում չկան/գրեթե բացակայում են ժողովրդավարական ինստիտուտները, ընդդիմությունը գործնականում ոչնչացված է, իսկ ժողովուրդը իշխանության ձևավորողի իրավունքը զիջել է հարուստների/հարստահարողների խմբավորումների։ Այնպես, ինչպես դարեր առաջ էր։