«Այս աջաբսանդալը բերելու է վատ հետեւանքների» (տեսանյութ)
ԱԺ արտահերթ նիստում այսօր «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ անհասկանալի է ՀՀ-ի նման փոքր երկրում՝ 79 կուսակցություն. «Անհասկանալի է, նոն սենս է սա: Ես գիտեմ, որ տասն էլ հերթի են կանգնել՝ մինչեւ դեկտեմբեր գրանցվելու համար: Հայկազյան ու Սուքիասյան բառարաներում էլ հապավում չմնաց, որ կուսակցություն չստեղծվեր: Մեծ մասը մարդ-կուսակցություն են, որ միայն փող են ուզում: Բոլոր հնարավոր կոմբինացիաները սպառված են արդեն»:
Նա նշեց, որ դեմ չէ լիբերալացմանը. «Սակայն այս աջաբսանդալը, որ բերել եք, շատ ավելի վատ հետեւանքների է հանգեցնելու. գալու են կուսակցություններ՝ առանց ծրագրի ու գաղափարախոսության: Պետք է լինի ֆիլտ՝ խնդիրը կարգավորելու համար»:
Արդարադատության նախարար Ափինե Հովհաննիսյանը նշեց, որ կիսում է Նաիրա Զոհրաբյանի մտահոգությունները. «Ձեր գնահատականներին չեմ անդրադառնա, սակայն ձեր մտահոգություններով անցնող կարմիր գծին կանդրադառնամ, որ մեզ նման փոքր երկրում այդքան կուսակցությունը շքեղություն ու ավելորդություն է, մեղմ ասած: Մենք խնդիր ունենք կուսակցությունների կայացման: Գործող օրենքը եվրոական երկրների համեմատությամբ բավականին խիստ պահանջներ է առաջադրում: Եթե պետությունը քաղաքական գործիքակազմով հետեւի, թե քանի անդամ ունի, դա սխալ կլինի: Նախարարությունը չէ, որ պետք է ասի, որ մարդ-կուակցություն ես կամ ստեղծվել ես՝ գումար աշխատելու համար: Մեզնից որեւէ մեկը չպետք է գնահատի, այլ ընտրողը, որը տվել է իր գնահատականը, օրինակ՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ բոլորս ականատես եղանք, երբ կուսակցությունը խոսում է մի արդյունքի մաիսն, ստանում է մեկ այլ արդյունք: Ինչքան ազատ թողնես դաշտը, այնքան դաշտի բյուրեղացումն ավելի արագ կլինի, խստացումը հակառակ արդյունքի է բերելու»:
Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց՝ ասելով. «Եթե հետամուտ լիներ նախարարությունն ու կառավարությունը, ապա այդքան կուսակցությունը չէր բավարարելու օրենքի պահանջներին, որոնց նպատակը քաղաքական բազարն է: Ինչպես օրինակ տեսանք վերջերս՝ ժեկի պետից մինչեւ վերեւ, իրենց կամքին հակառակ մի գիշերում յոթ հազար անձ դարձավ ՀՀԿ»:
«Տիկին Զոհրաբյան, ունե՞ք այդ մասին փաստեր, որ իրենց կամքին հակառակն է ՀՀԿ դարձել»,- արձագանքեց նախարարը: