Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դեմ ենք քվեարկելու TRIPP նախագծին, դա խաղաղություն չի բերի, Ադրբեջանի շահն ուղիղ արտացոլված է․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու TRIPP նախագծին. ԱԺ նիստում հայտարարել է խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ թեև Հայաստանի և ԱՄՆ-ի միջև պայմանագիրը ձևականորեն երկկողմ է, դրա բովանդակության մեջ արտացոլված են նաև Ադրբեջանի շահերը, ընդ որում՝ դրանք ավելի հստակ են ներկայացված, քան Հայաստանի շահերը։

«Մեծ հաշվով՝ պայմանագիրը փաստացի թղթի վրա երկկողմ պայմանագիր է համարվում, այսինքն՝ պայմանագրի երկու կողմերն են Հայաստանի Հանրապետությունը և Միացյալ Նահանգները, բայց իր էության մեջ, բովանդակության մեջ առկա է երրորդ կողմը՝ մասնավորապես Ադրբեջանը։ Ավելին՝ Ադրբեջանի շահերն ավելի ուղիղ են արտացոլված այս փաստաթղթում, քան կարող է լինել Հայաստանի Հանրապետության շահը»,- ասել է նա։

Գրիգորյանի գնահատմամբ՝ ԱՄՆ-ն նախագծի արդյունքում տարածաշրջանում, այդ թվում՝ Իրանի հետ սահմանին, ներկայություն է ստանում, իսկ Ադրբեջանը՝ Նախիջևանի և Ադրբեջանի միջև կապ հաստատելու հնարավորություն, ինչը նրա խոսքով՝ այդ երկրի և Թուրքիայի ռազմավարական նպատակներից է։

«Իսկ ի՞նչ է ստանում Հայաստանի Հանրապետությունը»,- հարցրել է պատգամավորը՝ նշելով, որ իշխանությունների՝ ապաշրջափակման մասին պնդումները հիմնավոր չեն։

Նրա խոսքով՝ նախագծով որևէ սահման չի բացվում, և Հայաստանի հաղորդակցային ցանցը չի ապաշրջափակվում։ Գրիգորյանի գնահատմամբ՝ Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող ճանապարհը չի ինտեգրվելու Հայաստանի մյուս ճանապարհներին։

Պատգամավորը նաև կասկածի տակ է դրել նախագծի շրջանակում նախատեսվող փոխադարձության սկզբունքը։ Նա նշել է, որ Ադրբեջանը պահանջում է իր տարածքով անցնող ճանապարհներին հայերի հետ անմիջական շփում չունենալ, մինչդեռ Հայաստանի տարածքով անցնող բեռների դեպքում նման պայմաններ չեն գործելու։

Գրիգորյանի խոսքով՝ այս պայմաններում Հայաստանի ինքնիշխանության սահմանափակման հարց է առաջանում։ Նա նաև նշել է, որ նախագծի տնտեսական օգուտների վերաբերյալ հստակ հաշվարկներ չեն ներկայացվել, իսկ Հայաստանի ստանալիք եկամուտները, իր գնահատմամբ, մեծ չեն լինելու։

«Հաշվի առնելով այս բազմաթիվ հարցերը՝ մենք դեմ ենք քվեարկելու այս նախագծին»,- եզրափակել է Աննա Գրիգորյանը։