Գ. Սարգսյան. «Հայաստանը նույնիսկ սեփական կատու չունի» (տեսանյութ)
Ոստիկանների միջազգային ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի նախագահ Գրիշա Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նախ ներողություն խնդրեց տարիներ շարունակ ՀՀԿ-ին աջակցելու համար: «Ես սխալվել եմ եւ ճիշտ ճանապարհով չեմ ընթացել: Տարիներ շարունակ հավատացինք այդ ուժի սին խոստումներին, բայց ոչ մի անգամ այդ խոստումները չհամապատասխանեցին իրականությանը: Բնակչության սոցիալական վիճակն այնքան վատ է, որ երկրում աղքատության շեմը կանցնի 40 տոկոսից, իսկ անցած տարիների ընթացքում երկրից դուր է բերվել 10 մլրդ-ի կապիտալ»,-ասաց նա: Ըստ Գ. Սարգսյանի, բոլոր պետություններում ընդերքը պետության ձեռքում է, մինչդեռ Հայաստանում ընդերքը պատկանում է մասնավորին: «Հայաստանում անհատները ավելի հարուստ են, քան պետությունը բոլոր երկրներում պետությունն է կառավարում օլիգարխներին, իսկ Հայաստանում օլիգարխներն են ղեկավարում: Հայաստանը նույնիսկ սեփական կատու էլ չունի»,-ասաց նա: Ըստ նրա՝ նոր կառավարության իրականացրած փոփոխությունների միակ նպատակը իշխանության վերարտադրությունը ապահովելն է: Ինչ վերաբերում է վարչապետին, ապա նա նշեց, որ Կարեն Կարապետյանը համարձակ տղա է. «Քաղաքապետ դառնալուց հետո ՀՀԿ-ում բոլորն աղերսում էին, որ ՀՀԿ-ական դառնա, բայց նա մերժեց: Սակայն նրա կառավարությունը 6 ամսվա կյանք է ունենալու եւ բոլոր գործողությունները տանում են 2017 թ-ի խորհրդարանական ընտրություններ: Եթե վարչապետը պատասխանատվության ենթարկեր երկիրը թալանողներին, ապա բոլորս կողջունեինք նրան, բանակն էլ կկանգներ նրա կողքին»,-ասաց նա։ Նա տեղեկացրեց նաեւ, որ բավական հաճախ է ճանապարհորդում եւ ականատես է եղել, թե ՀՀ դիվանագիտական կառույցները որքան բարձիթողի վիճակում են: «Դեսպանները տեղի օլիգարխների հետ բիզնեսով են զբաղված, քավոր-սանիկական կապերը թափանցել են նաեւ դեսպանատներ: Դեսպանատան աշխատակիցներից միայն 1-2 հոգի է տիրապետում տվյալ երկրի լեզվին»,-ասաց նա: Մասնավորապես անդրադառնալով Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին՝ նա նշեց, որ վերջինս հավուր պատշաճի գործունեություն չի իրականացնում Ցեղասպանության ընդունման համար, մինչդեռ զբաղվում է սեփական բարեկեցության բարելավմամբ: Անդրադառնալով ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանին՝ Գ. Սարգսյանը նշեց, ոչ նա չի կարողանում պահել խաղի կանոնները, որ կան մյուս երկրների դեպքում: «ՌԴ-ին այլ երկրներ 150 մլրդ դոլար է պարտք ունեն, մինչդեռ ՌԴ-ն չպահանջեց այդ պարտքերը: Հայաստանի դեպքում «Գույք պարտքի դիմաց» ծրագիրն իրականացվեց, որով մեր ռազմավարական օբյեկտները հանձնեցինք ՌԴ-ին՝ 100 մլն պարտքի դիմաց»: Նա անդրադարձավ նաեւ Հայաստանում ռուսական ռազմաբազային՝ նշելով , որ Հայաստանին Ռուսաստանը ոչինչ չի վճարում այստեղ ռազմաբազա ունենալու դիմաց, մինչդեռ այլ երկրներում ռազմաբազա տեղադրելու դիմաց Ռուսաստանը վճարում է. «Մենք ինքներս ենք կերակրում եւ պահում այդ ռազմաբազան»։