Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԸ, ՇԱՀՈՒՄ Է ՄԻ ՔԱՆԻ ՄԵՐՁԻՇԽԱՆԱՎՈՐ

Տնտեսություն

Դոլարն օրեցօր արժեզրկվում է, եւ տարբեր կանխատեսումների համաձայն կարող է փոխարժեքն իջնել մինչեւ 320 դրամի սահմանագիծը: Փոխարենը դրամն արժեվորվում է, սակայն ընկնում է գնողունակությունը:

Ոմանք գտնում են, որ պետք է հրաժարվել ազգային արժույթից, ոմանց կարծիքով էլ արտարժույթից օգտվելը բարոյական չէ: Իսկ մինչ մասնագետները մտորում են, կորցնում է հասարակությունը, տնտեսվարողները, կորցնում է նույնիսկ բյուջեն: Եվ գերշահույթներ են ստանում իշխանություններին «սերտաճած» մի քանի հոգի:

ԿԲ-ին պետք է խղճալ

«Հայաստանի տնտեսական քաղաքականությունը թույլ է, խոցելի, անպաշտպան»,- գտնում է ԿԲ նախկին նախագահ, ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս Բագրատ Ասատրյանը. «Տրանսֆերտների տեսքով արտարժույթի ներհոսքի հետեւանքը տնտեսության վրա, նշանակում է, որ մեր տնտեսական քաղաքականությունը, իբրեւ այդպիսին, խոցելի է: Իսկ տնտեսական զարգացման մասով մեր սպասելիքները կայանում են նրանում, որ ներդրումներ լինեն: Այս դեպքում ուրեմն մենք պաշտպանված չենք նաեւ այդ ներդրումներից»:

Բագրատ Ասատրյանը, սակայն ի տարբերություն շատ-շատերի, հակված չէ քննադատել կամ մեղադրել ՀՀ ԿԲ-ին, որն ունի իսկապես կարեւորագույն խնդիր` գների կայունության ապահովման խնդիրը. «Սակայն թույլ ֆինանսական համակարգի պարագայում ԿԲ-ն ունի շատ թույլ գործիքային հնարավորություն»:

Բագրատ Ասատրյանին ավելի շատ անհանգստացնում է փողային տնտեսության ստվերայնությունը, որը հսկայական ծավալների է հասնում: «Մենք ունենք մի տնտեսություն, որտեղ տարեկան 1 մլրդ դոլար տրանսֆերտ է մտնում, իսկ մեզանում շրջանառվող գումարը 500 մլն դոլար է: ԿԲ-ն կարող է աշխատել միայն պաշտոնական փողի հետ, նա չի կարող կառավարել այն, ինչ ստվերում է գտնվում: Այնպես որ, պետք չի մեղադրել ԿԲ-ին, ավելին, պետք է խղճալ»,- ասում է ԿԲ նախկին նախագահը:

Ի դեպ, Բագրատ Ասատրյանը բավականին տխուր վիճակագրություն ներկայացրեց, համաձայն որի, ՀՆԱ-փող հարաբերակցության իմաստով Հայաստանը նախկին ԽՍՀՄ երկրներից թերեւս համեմատելի է միայն Տաջիկստանի հետ, պետություն, որը հայտնի պատճառներով չունի տնտեսություն: «Այս իմաստով, մենք շատ վատ վիճակում ենք գտնվում: Եթե մեզ համեմատենք մեր մասշտաբների տնտեսություն ունեցող երկրների հետ, ասենք մերձբալթյան հանրապետությունների հետ, կտեսնենք, որ այնտեղ 3-4 անգամ բարձր է 1 միավոր փողի քանակը, որ սպասարկում է 1 միավոր ՀՆԱ-ն: Մենք զիջում ենք ե ՛ւ Վրաստանին, ե՛ւ Ադրբեջանին, ե՛ւ նույնիսկ աշխարհում թերեւս չզիջենք միայն աֆրիկյան մի քանի պետությունների: Եվ սա իրականություն է»:

Դրամը Հայաստանի համար մեծ շռայլություն է

«Մեր տնտեսական քաղաքականությունը կրում է ինֆլյացիայի դեմ պայքարի բնույթ, իսկ պայքարը հետեւյալն է, մենք սահմանափակում ենք դրամի առաջարկը: Հիմա ԿԲ-ն, պայքարում է ինֆլյացիայի դեմ, դրա հաշվին իջնում է դոլարի կուրսը, եթե ինքը պահեր կուրսը ենթադրենք մի ընդունելի մակարդակում, այդ ժամանակ կավելանար ինֆլյացիան: Այսինքն, երկու վատ ընտրությունից ինքը մեկը պետք է կատարեր»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախկին նախարար, AEPLAC կազմակերպության փորձագետ-տնտեսագետ Արմեն Եղիազարյանը:

Իսկ տրանսֆերտների հաշվին գոյատեւող հասարակության սոցիալական վիճակի վատթարացումից բացի ի՞նչ խնդիրներ է առաջանում դրամի արժեվորումից. «Հարաբերականորեն էժանանում է ներմուծումը եւ հարաբերականորեն թանկանում է արտահանումը: Որպեսզի հասկանանք ինչ է կատարվում, նայենք մեր հիմնական առեւտրային գործընկերներին. ի՞նչ է կատարվում Հայաստան -ԵՄ հարաբերություններում. մեր ապրանքները թանկանում են, իրենց ապրանքները էժանանում: Այսինքն, մեր մրցակցայնությունը ԵՄ-ի նկատմամբ պակասում է: Հաջորդ հիմնական գործընկերը` Ռուսաստանը: Եթե գները համեմատում ենք, տեսնում ենք, որ մոտավորապես նույն կերպ արժեզրկվում են, այսինքն, առանձնապես մեր դիրքերը առեւտրային իմաստով ՌԴ-ի նկատամամբ չի փոխվում: ԱՄՆ-ՀՀ հարաբերություններո՞ւմ ինչ է տեղի ունենում. ԱՄՆ-ի ապրանքները էժանանում են, մարդիկ արդեն ավտոմեքենաները ԱՄՆ-ից են բերում»:

Արմեն Եղիազարյանի կարծիքով, եթե պետությունը ուզում է պայքարել ինֆլյացիայի դեմ, ուրեմն պետք է շարունակի այն, ինչ մինչեւ հիմա անում է: Եթե ուզում է ավելացնել մրցակցությունը եւ կանխատեսելիությունը, ուրեմն պետք է փոխի դրամավարկային քաղաքականությունը:

Ի դեպ, Արմեն Եղիազարյանը գտնում է, որ մեզ համար ազգային արժույթ ունենալը մեծ շռայլություն է. «Ես, օրինակ, կարծում եմ, որ մեզ համար ազգային դրամ ունենալը շատ մեծ շռայլություն է, կանխատեսելի չի, մարդիկ չգիտեն կուրսը ոնց կփոխվի, դրա համար էլ ներմուծման գները չեն իջնում, որովհետեւ վաղը ինչ է լինելու` ոչ ոք չգիտի»:

Դոլարի օգտագործումը բարոյակա՞ն չի

«Օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գնահատման պայմաններում բոլոր իշխողները, դրամային իշխանություններն այսօր կարող են ասել` դրամը արժեվորվեց, իսկ մյուսները, տնտեսագետները, հասկանում են, որ իհարկե արժեվորվելը արժեվորվել է, կարող եք չկասկածել, բայց գնողականությունը ընկել է»,- ասում է ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, դոկտոր-պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը:

Բայց Վարդան Բոստանջյանը ոչ մի վատ բան չի տեսնում դոլարի արժեզրկման գործընթացում: Ավելին, կարծում է, որ մենք պետք է օգտագործենք հայկական դրամը. «Իմ կարծիքով, գոյություն ունի տիեզերական չգրված օրենք, որ բոլոր դեպքերում մարդիկ պետք է սպառեն այնքան, որքան դրա համար ջանք են կիրառում: Պատկերացրեք, եթե մենք դոլար կամ այլ արժույթ ենք ստանում ուրիշ երկրից, ոչ այլ ինչ է, քան այլ երկրում ստեղծված արժեքի, այսինքն, թափված ուժի եւ խելքի արդյունքի սպառում, որը բոլոր առումներով բարոյական չի կարող լինել»:

Իսկ դոլարադրամային պրոցեսների ընթացքում կորուստը հասարակությանն է, ի դեմս նրա զգալի հատվածի, տնտեսվարող սուբյեկտներինը, կորցնում է բյուջեն անգամ, իսկ շահում են մի քանի անհատներ: «Նրանց անուններն էլ հայտնի են, մի 10 հոգի, հիմնականում բարձր պաշտոնյաների հետ փոխկապված անձինք»,- ասում է Բագրատ Ասատրյանը: