ԻՆՈՎԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳ` ԱՌԱՆՑ ԳԻՏՈՒԹՅԱՆ
Աջակցիր «Ա1+»-ին«Ինովացիոն ինստիտուտների կայացումը խիստ կարեւոր է ՀՀ-ի տնտեսության զարգացման համար: Սահմանափակ ռեսուրսներով եւ տրանսպորտային ճանապարհներով երկրների զարգացման համար այս մոդելը որոշիչ է»,- այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց Առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Արմեն Գեւորգյանը: Պարոն Գեւորգյանի հայտարարությունը անսպասելի չէր լինի, եթե նա չավելացներ. «ՀՀ-ում ինովացիոն համակարգը ձեւավորված չէ»:
Փոխնախարարի անկեղծ հայտարարությունը մտահոգիչ է, քանի որ 2003-ին Աժ-ի կողմից հաստատված 2003-2007թթ. կառավարության գործունեության ծրագրում հստակ ամրագրված է, որ տնտեսական զարգացում ապահովելու համար Հայաստանը պետք է անցում կատարի դեպի ինովացիոն տնտեսություն: Ինչ է իրենից ներկայացնում ինովացիոն տնտեսությունը, այսօր հանգամանորեն ներկայացրեց պարոն Գեւորգյանի զրուցակիցը` տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը. «Ինովացիա` նշանակում է նորամուծություն: Ինովացիոն տնտեսություն ասելով, աշխարհը հասկանում է` գիտության վրա հիմնված տնտեսություն»: Հաշվի առնելով գիտության նկատմամբ մեր պետության մոտեցումը, պարոն Աղաջանովն իրեն թույլ տվեց հայտարարել, որ Հայաստանում այսօր գիտություն չկա, որպեսզի անցնենք ինովացիոն տնտեսության. «Հայաստանի բյուջեով գիտությանը հատկացված է համախառն արդյունքի 0,6 տոկոսը, իսկ անհրաժեշտ է հատկացնել առնվազն 1-ից 3 տոկոսը: Առաջին հերթին մենք պետք է գիտելիք արտադրենք եւ հետո դա վերածենք արդյունքի»:
Այսօր աշխարհի գիտելիքների 80 տոկոսն արտադրվում է ԱՄՆ-ում: Անդրադառնալով աշխարհի փորձին, պարոն Աղաջանովը նշեց, որ ինովացիոն ինստիտուտ ձեւավորելու համար պետության կողմից ստեղծվում են ինովացիոն ֆոնդերը: Պարոն Աղաջանովը փոխնախարար Արմեն Գեւորգյանից պահանջեց նշել գոնե մեկ ինովացիոն ֆոնդի անուն, որ ստեղծել է ՀՀ կառավարությունը: «Ես շատ եմ հարգում պարոն Աղաջանովին»,- ասաց պարոն Գեւորգյանը, սակայն որեւէ ֆոնդի անուն չկարողացավ տալ, այն պարզ պատճառով, որ նման ֆոնդ գոյություն չունի: Պարոն Գեւորգյանին վիրավորեց ոչ թե ինովացիոն համակարգի բացակայության եւ այդ հարցում կառավարությանն անգործության մեջ մեղադրելու, այլ` Հայաստանում գիտության բացակայության մասին պարոն Աղաջանովի հայտարարությունները:
Փոխնախարարը վստահեցրեց, որ թեեւ մենք չունենք ինովացիոն համակարգ, սակայն դրա համար կան համապատասխան էլեմենտներ եւ մինչեւ 2010թ-ը մենք կհասցնենք այն ձեւավորել: «Հունիսի 14 -ին ՀՀ նախագահի կողմից ստորագրվել է «Ինովացիոն գործունեության պետական աջակցության մասին օերնքը», որը բուռն քննարկման է ենթարկվել ԱԺ-ում»: Մինչեւ 2010թ-ը ինչպիսի հաջողություններ կարձանագրի ՀՀ կառավարությունը դա բոլորովին այլ հարց է: Փաստն այն է, որ մինչեւ 2007թ-ը մնացել է 5 ամիս եւ եթե 2003թ-ից մինչ օրս կառավարությունը որեւէ էական հաջողության չի հասել ինովացիոն համակարգի ձեւավորման հարցում:
Պարոն Աղաջանովը չի կարծում, որ կառավարությունն առանձնապես մեծ հաջողությունների կհասնի մինչեւ 2007թ-ի ավարտը. «Առանց գիտության զարգացման ինովացիոն հայեցակարգի մշակումը` անհեթեթություն է»: Մինչ ՀՀ կառավարությունը կկողմնորոշվի իր անելիքներում, պարոն Աղաջանովն այսօր նշեց գիտության այն ուղղությունները, որոնք հնարավորություն կտան ՀՀ-ում ձեւավորել ինովացիոն համակարգ` բարձր, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, բիոտեխնոլոգիա, նոր նյութերի արտադրություն, դեղագործություն եւ այլն: