Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շինանյութի գինն արհեստականորեն գցում են

Տնտեսություն

«Այբ-Ֆե» թերթի նյութերից

Նախորդ տարեվերջին, երբ արդեն շինարարական բումը սեզոնի պատճառով կանգնել էր, հանրապետությունում առաջացավ շինափայտի դեֆիցիտ, 1 խմ-ը 140-160 դոլարից կտրուկ հասավ 200-220, իսկ մետաղը, հատկապես ամրանները, պարզապես թանկացան:

Ուշադրություն դարձրեք` հատկապես աշնանը թանկանում է մի բան, ինչի նկատմամբ պահանջարկը նվազել է, իսկ առաջարկը նույնը մնացել: Խոսքը շինարարական մետաղի մասին է: Հայաստան շինմետաղ մտնում է Ուկրաինայից ու Վրաստանից, որոշակի քանակ արտադրվում է տեղում: Ուկրաինականն ամենահարգվածն է, երկրորդ տեղում վրացականն է, երրորդ տեղում` խորհրդային տարիներին կառուցված շենքերից ապամոնտաժված մետաղը, վերջում` հայկական արտադրանքը: Անցյալ տարի ուկրաինական ամրանների մեկ տոննան մեկ ամսում թանկացավ 100-150 դոլարով: Սա տնտեսական պաթոլոգիա է, երբ շուկայում վաղուց գտնվող ապրանքը իրեն-իրեն արժեվորվում է: Մասնավորապես, Ուկրաինայում դեռ գազի թանկանալու մասին խոսակցություն չկար, էլեկտրաէներգիան նույն գնի էր, մետաղական հումքը նույնպես, այնտեղի գործարանների բանվորների աշխատավարձերը չէին բարձրացրել, գույքահարկն ու մյուս բոլոր հարկերը մնացել էին անփոփոխ, Ուկրաինայից Հայաստան ներմուծելու մաքսային արժեքը չէր ավելացել, բայց ներմուծվող ապրանքի գինը Հայաստանում առնվազն 20 տոկոսով թանկացավ: Ինչո՞ւ, որովհետեւ ներմուծողն այդպես էր որոշել: Իսկ ինքնուրո՞ւյն էր որոշել. ո՛չ: Նրան թույլ էին տվել այն մարդիկ, ովքեր ցանկանում էին գարնանից բարձրացնել Երեւանի էլիտար բնակարանների 1 քմ արժեքը, ինչը կնպաստեր նաեւ հին բնակֆոնդի գնի բարձրացմանը: Եվ այդ նպատակին հասնելու համար հարկավոր էր թանկացնել այն, ինչից կառուցվում է շենքը` ավազ, ցեմենտ, փայտ եւ մետաղ: Ցեմենտը նախորդ տարվա ընթացքում կամաց-կամաց մեկ պարկը 1300 դրամից հասավ 1800 դրամի, իսկ այս տարի 2200-2500-ով է վաճառվում: Դրա արտադրության համար գործարանի վրա ապրիլից թանկ է նստում միայն գազը, այն էլ` պետությունն առյուծի բաժինը սուբսիդավորում է: Ավազը շինանյութերից ամենաէժանն է` մեկ կամազ ավազը 20 000 դրամ, բայց էլի գոնե մի 10-20 տոկոսով թանկացել է, իսկ շինափայտի ու մետաղալար-ամրանների վարքագիծը ամենաանկանխատեսելիներից էր:

Եվ այսպես, նախորդ տարեվերջին ուկրաինական ամրանի 1 տ արժեքը 600-ից միանգամից բարձրացվեց 700 դոլարի: Բոլոր շինարարական խանութների տերերն ու աշխատողները «լեղապատառ» հորդորում էին ծանոթ շինարարներին` «հաջորդ տարվա շինարարության համար այսօրվանից ամրան-մետաղալար պահեստավորել», քանի որ, իբր, գնալով ավելի է թանկանալու: Հաջորդ տարին եկավ, բայց խանութատերերի կանխատեսումները չիրականացան: Ընդհակառակը` այս տարվա գարնան կեսից, այսինքն շինարարության ամենաեռուն շրջանում, պահանջարկի ամենակատաղած սեզոնին, մետաղալար-ամրանների 1 տ արժեքը միանգամից 100 դոլարով էժանացավ: Իսկ գարնանային այդ զեղչի պատճառը ուղղակի կմեջբերենք Հայաստանում շինանյութի, հատկապես` մետաղալար-ամրանների խոշոր ներկրող ընկերության ղեկավարների խոսքից. «Որովհետեւ, ով քնից վեր էր կենում` որոշում էր արմատուրա դրսից բերի Հայաստան` ծախի»: Սա Սերյոգ անունով մի բիզնեսմենի ու նրա շրջապատի տղերքի տնտեսական հիմնավորումն է, ինչը նշանակում է. գինը կիջեցնենք այնքան, որ ուրիշ ոչ մեկին բերել ծախելը ձեռնտու չլինի, ու շուկայում մենակ մենք մնանք: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամներին առաջարկում ենք նյութը կարդալուց հետո մտքերի մեջ ընկնել, ցրված լինել, որ գերիշխող դիրքի չարաշահում-մարաշահում հանկարծ չնկատեն, որովհետեւ թերթերի հրապարակումների հիման վրա երբեմն վարույթներ են հարուցվում, կազմակերպություններ պատժում, ինչպես օրինակ` նախորդ տարի «Կոկա-կոլա» ընկերությանը:

Սեւակ ԳՐԻԳՈՐՅԱՆ