Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԵՆ

Տնտեսություն

Դոլար-դրամ տատանումները կազմակերպվում է 4 օլիգարխների կողմից, այսօր «Հայելի» ակումբի հյուրերը փորձեցին հաստատել կամ հերքել այս լուրը:

«Արդարություն» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը հայտարարեց, որ առանց կրակի ծուխ չի լինում, սակայն գերադասեց, ոչ թե անուններ տալ, այլ մասնագիտորեն հարցին մոտենալ:

Ըստ նրա, դոլար-դրամ փոխարժեքի տատանումները հիմնականում պայմանավորված են 4 գործոնով. «Դրանք են` համաշխարհային տնտեսությունում առանցքային արժույթների տատանումները, դոլար-եվրո տատանումները, Հայաստան ներհոսող գումարները եւ սուբյեկտիվ գործոնը` արհեստական արժեզրկումը կամ արժեւորումը»:

Տնտեսագետի կարծիքով այս 4 գործոնները վերլուծելու դեպքում կտեսնենք, որ իրականում տենտեսական աճ տեղի չի ունեցել, իսկ դոլար-դրամ ներկայիս տատանումներն առնվազն 30 տոկոս տնտեսական աճ են ենթադրում: Հետեւելով դոլար-եվրո փոխարժեքների տատանումներին, պարոն Մանասերյանն ընդգծեց.

«Տասնորդական նիշերով եվրոյի բարձրացում է տեղի ունեցել եւ համապատասխանաբար` դոլարի արժեզրկում, ինչը նպաստավոր է ԱՄՆ-ի տնտեսության համար»: Պարոն Մանասերյանն անդրադարձավ նաեւ վերջին շրջանում տեղի ունեցած հանրապետությունից արտահանած եւ Հանրապետություն ներկրած ապրանքների ցուցանիշներին.

«Արտահոսքի եւ ներհոսքի բալանսը բացասական է` արտարժույթի արտահոսքն ավելի մեծ է»: Ինչ վերաբերում է իշխանությունների հայտարարած «լողացող քաղաքականությանն», ապա Թաթուլ Մանասերյանը պետությունից մեծ սպասելիքներ չունի:

«Հանրապետական» կուսակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն, ինչպես ինքն ասաց, պարոն Մանասերյանի ներկայացրած տեսակետները մասնագիտական են եւ միանգամայն ընդունելի: Պարոն Մելիքյանը գերադասեց անդրադառնալ դրամ-դոլար փոխարժեքի տատանումների, այսպես կոչված սուբյեկտիվ գործոնին. «Հատկապես սեզոնային, առանձին մեծ միջոցառումների հետ:

Փոքր եւ տնտեսապես ոչ զարգացած երկրներում առանձին միջոցառումներ կարող են ազդել նաեւ կոնկրետ տվյալ երկրի արժույթի դինամիկայի վրա»: Որպես օրինակ պարոն Մելիքյանը նշեց «վերջին զանգ»-ի արարողությունները. «Վերջին զանգից հետո անմիջապես դոլարի արժեզրկում է տեղի ունենում: Նման իրավիճակ է ստեղծվում նաեւ Նոր Տարվա արարողություններից հետո:

Օգտվելով այդ սեզոնային բնույթի միջոցառումներից որոշ կազմակերպություններ, բանկեր, արժույթի փոխանակման կետեր կարողանում են սուբյեկտիվ ազդեցություն ունենալ դրամի արժեզրկման վրա եւ ահռելի շահույթներ կորզել բնակչության անապահով խավից»:

Տնտսագետ Թաթուլ Մանասերյանն ոչ բոլոր հարցերում կիսելով Գագիկ Մելիքյանի տեսակետներն ասաց. «Տնտեսական օրինաչափություններով մենք դժվար կարողանանք վերծանենք այն առեղծվածները, որոնց հանդիպում ենք: Այսօր եթե մենք մտնենք խանութ, ապա կտեսնենք, որ ապրանքների մեծ մասը հայտարարագրված չեն մաքսային կոմիտեում»: