«Ձեր անձնականի համար փող կա, իսկ օրենքը կատարելու համար չկա՞» (տեսանյութ)
«Ազատամարտիկների և զորացրված զինծառայողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ին անդամագրված 1047 անձանցից 36-ն այսօր ունի բնակարանի խնդիր, իսկ Պաշտպանության նախարարությունը նրանց սոցիալական խնդիրները լուծելու համար գումար չի հատկացնում: ՀԿ նախագահ Ռազմիկ Ռուշանյանը բազմաթիվ նամակներ է գրել գերատեսչությանը, սակայն անարդյունք: «Պատասխանը գալիս է սենց՝ Պաշտպանության նախարարությունը, երբ որ կանցնի ծրագրերի իրագործման, այն ժամանակ էլ արդեն ըստ հերթի՝ կտանք, բայց ՀՀ զինծառայողների սոցիալական ապահովության օրենքի 134-րդ հոդվածի 1-ին կետը պարզ ասում է, որ զինծառայողն անցնելով թոշակի, եթե ունի 10 և ավել օրացուցային ստաժ, ապա նրան ապահովվում են բնակարանով կամ անհատույց դրամական օժանդակությամբ՝ բնակարան գնելու համար կամ հողային տարածքով, հիմա հողային տարածքը հանել են, մնացել է այդ երկուսը»,- նշեց Ռազմիկ Ռուշանյանը: «Ա1+»-ի այն հարցին, թե ե՞րբ է գալու այդ ծրագրի իրագործման ժամանակը, ինչ ժամկետներ են սահմանված, Ռազմիկ Ռուշանյանը պատասխանեց. «Կոնկրետ ժամանակ նշված չի: Ասում են՝ փող չկա, հիմա փող չկա, բայց դե կներեք՝ ձեր անձնականի համար փող կա, իսկ օրենքի պահանջը կատարելու համար փող չկա՞»: