Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկրորդ ոստիկանի մահվան փաստը հետաքրքիր զարգացումներ է խոստանում. փաստաբան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
papikyan

«Սասնա ծռերի» գործով հուլիսի 31-ից ձերբակալված բոլոր տղաները գիտեն, որ դրսում ընկալվում են որպես հերոս։ Փաստաբան Արայիկ Պապիկյանը փոխանցում է. «Երեկ Արայիկ Խանդոյանը վերջին էսպես ասած հրաժեշտից առաջ ասեց, որ մենք կանգուն ենք մեր սարերի պես, նրանք երբեք չեն խոնարհվել, մենք նույնպես չենք խոնարհվելու»: Արայիկ Պապիկյանը ծռերի գործով միանգամից երեք մեղադրյալի՝ Աշոտ Պետրոսյանի, Արայիկ Խանդոյանի եւ Հովհաննես Հարությունյանի փաստաբանն է: Մինչեւ երեկ նա պաշտպանում էր նաեւ Արթուր Սարգսյանի՝ տղաներին սնունդ հասցնողի շահերը, վերջին անգամ երեկ է շփվել նրա հետ. «Ընկճված չէր ինքը եւ ինչ-որ բանի համար չէր զղջում»: Ըստ փաստաբանի, այսօրվա մեղադրանքներով «Սասնա ծռերի» գործը դատարանում կվերածվի քաղաքական դատավարության. «Վարույթն իրականացնող մարմնի ներկայացուցիչը, ով դատարանում ներկայացնում է խափանման միջոցը՝ քննիչը, մի դեպքում ԱԱԾ քննիչը, մյուս դեպքում՝ ՀՔԾ քննիչը, հետեւյալ արտահայտությունն իրեն թույլ տվեց՝ այս արարքում մեղադրվող անձը պարտավոր է նստել բանտում: Այսինքն, ինքն էդ պահին դատավորի որոշում է կայացնում: Չի ասում՝ պետք է, կամ ճիշտ կլինի, դատավորի փոխարեն որոշում է կայացնում»: Ամենաքաղաքականը սակայն նրանց ձերբակալելիս բոլոր 20 տղաներին ներկայացված նույն մեղադրանքն է. «Որեւէ մեկին անհատականացված մեղադրանք չի առաջադրվել, ոչ ոքի»: Տղաներից ոչ մեկին չի առաջադրվել նաեւ սպանության մեղադրանք: Այդ գործով քրեական գործ հարուցելու մասին տեղեկություններ էլ չկան: Փաստաբանն առաջին զոհի մահվան հանգամանքները չի քննարկում, սակայն երկրորդ ոստիկանի մահվան փաստը հետաքրքիր զարգացումներ է խոստանում. «Այն բոլոր պաշտպանյալները, ում հետ ես հանդիպել եմ առանձնազրույցներ ենք ունեցել գրեթե բոլորը պնդում են, որ երկրորդ ոստիկանին կրակողը «Սասնա ծռեր» խմբից չի եղել»: Փաստաբանն ասում է, որ այդ սպանությունը ծռերի կողմից հնարավոր չէր, իրավապահները շատ աչալուրջ են եղել այդ տարածքում նրանց տեղաշարժի նկատմամբ, «Սասնա ծռերը» կրակող չէին, եւ դա ապացուցված է գոնե այն փաստով, որ երբ հատուկ ծառայությունները կրակեցին եւ վիրավորեցին զինված Աշոտ Պետրոսյանին եւ Հովհաննես Հարությունյանին, վերջիններս չպատասխանեցին. «Հետեւաբար ոչ մի տրամաբանություն չկար այդ երկրորդ զոհը որ կար ոստիկաններից, դա իրենց կողմից չի եղել»: Արայիկ Պապիկյանը չի բացառում, որ եթե այս գործը առանց հանգամանքների փոփոխության հասնի դատարան, մենք կտեսնենք հերթական դատական խայտառակությունը: